Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի իր որոշումը Փարիզի համաձայնագրից դուրս գալու կամ համաձայնագրին հավատարիմ մնալու մասին:
Երեկ Թրամփը ասել է, թե երկու կողմից բազմաթիվ մարդկանց կարծիքներ է լսել: 2016-ի նախագահական ընտրարշավի ժամանակ նա խստորեն քննադատում էր կլիմայի Փարիզի համաձայնագիրը՝ գլոբալ ջերմացումը համարելով խաբեություն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ Բեռլինում ասել է, որ անցած շաբաթ տեղի ունեցած Մեծ յոթնյակի գագաթնաժողովում եվրոպական դաշնակիցները փորձել են համոզել Թրամփին դուրս չգալ Փարիզի համաձայնագրից: Նա նշել է, որ համաձայնագրից դուրս գալը հեշտ չէ, գործընթացը տարիներ կտևի: Յունկերն ասել է, որ մանրամասներին Թրամփը թերևս տեղյակ չէ:
Եվրախորհրդարանում ևս մայիսի 31-ին անդրադարձ է կատարվել կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցին: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը հեքիաթ չէ, այլ՝ դաժան իրականություն, որը ազդեցություն է թողնում մարդկանց ամենօրյա կյանքի վրա:
Այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է հանդիպել Չինաստանի վարչապետը, ով հավաստիացրել է, որ պաշտոնական Պեկինը հավատարիմ կմնա Փարիզի համաձայնագրին:
Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ Եվրամիությունը և Չինաստանը հունիսի 2-ին մտադիր են վերահաստատել կլիմայի համաձայնագիրը պաշտպանելու և այն լիարժեքորեն կյանքի կոչելու իրենց հանձնառությունները:
Վերջին պահին համաձայնագրին հավատարիմ մնալու համար Թրամփին փորձել են համոզել նաև ամերիկյան տասնյակ ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ExxonMobil, Apple, Dow Chemical, Unilever, Tesla ընկերությունները:
Միաժամանակ, կան նաև համաձայնագրից դուրս գալու հորդորներ, մասնավորապես՝ նման կոչով Թրամփին է դիմել Murray Energy Corp էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մյուրեյը, ով Թրամփի քարոզարշավի դոնորներից մեկն էր:
Ըստ կուսակցական պատկանելության՝ համաձայնագրին կողմ արտահայտվածների թվում կան նաև Թրամփի կուսակիցներ: Հանրապետական Միթ Ռոմնին՝ 2012 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն, Թվիթերի իր էջում գրել է, որ «Փարիզի համաձայնագիրը միայն կլիմայի մասին չէ, դա նաև ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդ մնալու մասին է»:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներից Նենսի Փելոսին ասել է, թե «Թրամփը անտեսում է գիտական ճշմարտությունները, վերացնում է մեր առողջության, շրջակա միջավայրի պահպանության երաշխիքները և պաշտպանում է աղտոտվածությունն ու ազգային և գլոբալ անվտանգության սպառնալիքները»:
Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Փարիզի համաձայնագիրը ԱՄՆ-ի տնտեսությանը տրիլիոնավոր դոլարների ծախս է պատճառում, իսկ օգուտները չնչին են:
Գլոբալ ջերմացման դեմ պայքարի համաձայնագիրը Փարիզում ստորագրվել է 2015 թվականին: Այն ստորագրել են աշխարհի 195 երկիր: Ընդամենը երկու երկիր չի միացել Փարիզի համաձայնագրին՝ Սիրիան և Նիկարագուան:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման այդ համաձայնագիրը համարում էր իր արտաքին քաղաքականության նվաճումներից մեկը:
Միացյալ Նահանգները մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է: Փարիզի համաձայնագրով ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները:
Փարիզի համաձայնագիրը գլոբալ ջերմացման դեմ պայքարի միջազգային հանրության առաջին համախմբումն է, որին միացած յուրաքանչյուր երկիր պարտավորվել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Ջերմոցային գազերի հիմքը կազմում են ածխաթթու գազերը, որոնք առաջանում են ջերմակայանների, էլեկտրակայանների աշխատանքից, ավտոմեքենաների վառելիքից, նավթ, գազ, քարածուխ վառելու հետևանքով: Գիտնականները համոզված են, որ ածխաթթու գազերի, մեթանի ու արտանետվող այլ գազերի կուտակումները մթնոլորտում ջերմային ազդեցություն են թողնում երկրագնդի վրա: