Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հարց ուղղվեց՝ արդյո՞ք հնարավոր չէ, որ այս անգամ էլ կրկնվի ասոցացման համաձայնագրի պատմությունը, երբ Հայաստանը 2013-ին հրաժարվեց չորս տարի բանակցված փաստաթղթից՝ անդամակցելով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը:
«Ֆրանսիան Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման եռանդուն ջատագովներից մեկն է: Ֆրանսիան միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի, քանի որ, ինչպես գիտեք, որոշ երկրներ այնքան էլ խանդավառված չէին: Պատճառներին չէի ուզենա անդրադառնալ: Հայաստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է հենց այս տարածաշրջանում հավասարակշռության համար», - պատասխանեց դեսպանը:
Չնայած, որ նոր փաստաթուղթը հատկապես տնտեսական առումով առավել համեստ է կյանքի չկոչված ասոցացման համաձայնագրի համեմատ, այդուհանդերձ Եվրամիության առաջատար երկրներից մեկը ներկայացնող դեսպանը նշեց, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս բովանդակալից է և խիստ կարևոր:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի դեսպանն անդրադարձավ նաև ապրիլին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նշելով, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններն անհամեմատ խաղաղ ու հանդարտ էին՝ Շարպանտիեն ընդգծեց ընտրակաշառքի բացասական դերը․ - «Ափսոսում եմ, որ տեղի է ունեցել ընտրակաշառք: Քվեների գնման այդ իրողությունը բացասական է թե՛ տվողի, թե՛ վերցնողի համար, և ազդում է ապագայի վրա: Քաղաքացու համոզմունքն ու պատգամավորի դիրքորոշումն են ժողովրդավարության հենքը: Ինչպես ասում է Նիցշեն՝ այն, ինչ գնվում է, շատ մեծ արժեք չունի»:
Ղարաբաղյան խնդրի միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դեսպանը նաև նշեց, որ միջնորդները կարող են միայն առաջարկներ անել, սակայն վերջնական համաձայնության պետք է գան Հայաստանն ու Ադրբեջանը:
Դիտարկմանը, որ Մինսկի խումբը միայն վերջերս հանդես եկավ, հայկական կողմի գնահատմամբ՝ հասցեական հայտարարությամբ՝ մատնանշելով սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, Շարպանտիեն արձագանքեց, որ նախկինում էլ միջնորդ կողմը հասցեական է արձագանքել․ - «Նախորդ հայտարարությունները ևս միանգամայն հասցեական են եղել, եթե հնարավոր է եղել կարդալ տողատակերում»:
Անդրադառնալով Եվրամիության և Հայաստանի միջև վիզայի ազատականացման հնարավորությանը՝ դեսպանը նշեց, որ առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրում ևս այս հարցը կա, բայց դեռ պետք է սպասել շրջանակային համաձայնագրի վերջնական ստորագրմանը և հետո մտածել վիզաների վերջնական ազատականցման մասին:
Այդուհանդերձ Ֆրանիսայի ներկայացուցիչը փոխանցեց, որ իրենց դեսպանատունը հայաստանցիներին ամենաքիչ մերժող շենգենյան երկրներից է:
Խոսելով Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի օրոք հնարավոր փոփոխությունների մասին՝ Շարպանտիեն համոզմունք հայտնեց, որ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխություններ չեն լինի: