Եվրոպայի խորհուրդը սկսել է քննել Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին կաշառելու մեղադրանքները: Գործը քննելու համար նշանակվել են միջազգային դատական ասպարեզում հայտնի երեք փորձառու գործիչներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ բրիտանացի Նիքոլաս Բրաթցան, հակաահաբեկչական գործերով բարձրաստիճան դատավոր ֆրանսիացի Ժան-Լյուի Բրյուգերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Էլիզաբեթ Ֆյուրան Շվեդիայից:
Դատավորները ընտրվել են Եվրոպական դատարանից, որի որոշումները ԵԽԽՎ-ի անդամների համար պարտադիր են: Հետաքնննության արդյունքում նախատեսվում է փոխել նաև ԵԽԽՎ-ում ընդունված էթիկայի կանոնները:
Ակնկալվում է, որ երեք դատավորների հետաքննության եզրակացությունը կհրապարակվի այս տարեվերջին:
Ադրբեջանը հերքում է կաշառատվության մեղադրանքները:
Բաքվի կողմից ԵԽԽՎ-ի որոշ պատգամավորների կաշառելու կասկածները առաջացան 2013 թվականից, երբ Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և քաղբանտարկյալների մասին զեկույցը: Կասկածվում է, որ Ադրբեջանը ավելի քան 2․5 միլիոն դոլարով կաշառել էր Վեհաժողովի որոշ անդամների՝ զեկույցի ընդունումը տապալելու համար:
Անցած դեկտեմբերին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (ESI) իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել՝ պնդելով, որ ԵԽԽՎ-ի որոշ անդամներ քաղաքական լոբբիստական գործունեությամբ սպասարկել են Ադրբեջանի շահերը և դրա դիմաց վարձատրվել Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին կոչ էր արել հետաքննություն վարելու համար անհապաղ ձևավորել անկախ հանձնաժողով:
Անկախ հետաքննություն վարելու առաջարկով ԵԽԽՎ-ի ղեկավարությանն են դիմել այդ կառույցի շատ անդամներ, իրավապաշտպան և քաղաքացիական խմբեր՝ իրենց հայտարարություններում նշելով, որ էթիկայի կանոնների խախտումների ու հնարավոր կոռուպցիայի մասին լուրջ և արժանահավատ մեղադրանքները սպառնում են Վեհաժողովի հեղինակությանը: