Խոշոր չափերով յուրացման մեջ կասկածվող մանկատան տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, ով կասկածվում է 90.000 դոլարից ավելի յուրացման մեջ, ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ըստ Քննչական կոմիտեի՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող տնօրենը, 19 քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձևակերպելով, յուրացրել է 46 մլն դրամ:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ջեյն Բյուքենոնն իր մի քանի այցելություններից հետո բարձրաձայնել էր՝ մանկատանը նկատել է մահճակալներին կտորով կապված երեխաների, արձանագրել, որ նրանցից ոմանք կյանքի մեծ մասը մահճակալներին պառկած են անցկացնում:

Գրեթե նույն պատկերն է տարիներ առաջ այս մանկատանն արձանագրել կանադահայ բարերար, կամավոր Արազ Արթինյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե այստեղ երեխաների գլխին խավարասերներին ոչնչացնող դեղ են փչում՝ ոջիլներից ազատվելու համար:

«Ազատության» հետ զրույցում Արթինյանը պատմեց՝ իր կազմակերպած դրամահավաքների շնորհիվ 5-6 երեխա է վիրահատվել, թեև վստահ է՝ մանկատունն ունի այդ գումարները:

«Երկրորդ հարկում հաշմանդամներին սայլակներով էին պահում, և ոչ ոք նրանց ներքև չէր իջեցնում, որ մյուս երեխաների հետ խաղան», - հիշեց կամավորը:

Human Rights Watch-ի ներկայացուցչի ու կանադահայ բարեգործի նշած խնդիրները չեն զարմացնում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրավապահները բացահայտել են բացահայտը:

«Հենց այնպես մեր երկրում ոչ մի տեղ չեն գնում, պատահական սկսում ստուգել և բացահայտում այն, ինչ ստվերում չէ՝ հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ․․․ դրանց մեծ մասում այս խայտառակությունները կան», - նշեց փորձագետը:

Բախշյանն ասաց՝ արժանի, խստագույն պատիժ որևէ մեկը չի ստացել և օրինակ բերեց պետությանը հասցված վնասի համար ընդամենը 6 ամիս պայմանական ազատազրկման դատապարտված և 800 հազար դրամ տուգանք վճարած Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին, ով, ըստ նրա, ազատազրկվելու փոխարեն կրկին այդ դպրոցի տնօրենը դարձավ: Բախշյանը թերահավատ է, թե մանկատան տնօրենը կազատազրկվի:

Իզմիրլյանի անվան մանկատան փոխտնօրեն Արմինե Պետրոսյանն «Ազատությանն» ասաց․ - «Մենք ծանր աշխատանք ենք տանում, հաշմանդամություն ունեցող ծանրաքաշ երեխաներին գրկած ենք ներսուդուրս անում, բուժօգնություն տրամադրում»:

Հակաոջիլային միջոցի փոխարեն խավարասերի դեղ օգտագործելու, կտորով երեխաներին մահճակալներին կապելու մասին պնդումներին հակադարձելով՝ ասաց՝ «հերյուրանքներ են, մենք անսիրտ չենք»:

«Մահճակալից չեն կապել: Այստեղ ծանր երեխաներ են, որոնց ձեռնոցներ ենք հագցնում, որ բերանները չտանեն», - շարունակեց նա: - «Կան էպիլեպտիկ երեխաներ, որ նոպաներ են ունենում՝ նրանց ոտքերի հատվածում հաստ բանով դիրքավորում են, կապում են սայլակին, որ նոպայի ժամանակ չըկնի: Արվում է ամեն ինչ՝ չեմ ուզում այդպիսի թյուր կարծիք լինի», - պատմեց մանկատան ներկայացուցիչը:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենին առաջադրվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, նրան պատկանող գույքի վրա կալանք է դրվել, իսկ պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է: Նախաքննությունը շարունակվում է:

«Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել չարաշահումների մեջ մեղադրվող Հասմիկ Մկրտչյանի հետ: