Փոստանջյան․ «Դատի ենք տալու բոլորին, ովքեր թերացել են»

Երևանի ավագանու ընտրություններ, 14-ը մայիսի, 2017թ․

Վարչական դատարանն այսօր մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը Երևանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին:

Վճռի հրապարակմանը հայցվոր և պատասխանող կողմերը ներկա չէին։ Փոստանջյանը նույն րոպեներին Վարչական դատարանի դիմաց այլընտրանքային դատական նիստ էր անցկացնում։ Փոստանջյանի կողմնակիցները վարչական դատարանի բակում ամբիոն և ՀՀ դրոշ էին տեղադրել։

«Երկիր Ծիրանիի» առաջնորդը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում իրենց թույլ չէին տվել հայցն ամբողջությամբ ներկայացնել, ուստի դա կանեն իրենց դատարանում։ Նա պնդեց, որ իրական դատարանը իրենցն է, ինչից հետո Փոստանջյանի ներկայացուցիչը ընտրություններն անվավեր ճանաչելու իրենց պահանջը հիմնավորող փաստեր ներկայացրեց։

«Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած 3-րդ համարի՝ Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել, անվավերության հետևանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից: Այն անվավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկի վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին: Այդպիսով, նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշաններն ակնհայտ տարբերվել են մեկը մյուսից։ Դրանց թիվը կազմում է շուրջ 10 հազար», - հայտարարեց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:

Զարուհի Փոստանջյանն էլ պնդեց, որ Վարչական դատարանի վճռիը ՀՀ նախագահի նստավայրից՝ Բաղրամյան 26-ից է ուղարկվել և դատավորները այն միայն ընթերցել են։

«Այս դատավորները, ովքեր պարտավոր էին հարգել օրենքը, կայացրեցին դատական ակտ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության համար», - հայտարարեց նա:

«Երկիր Ծիրանիի» առաջնորդն ասաց, որ առաջիկայում նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեմ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու՝ ընտրություններ կեղծելու, արտաքին դիվանագիտական ձախողումների, տարածքների ու զինվորների կորստի, արտագաղթի և մի շարք այլ պատճառներով։

Վարչական դատարանի որոշումը Զարուհի Փոստանջյանը կբողոքարկի վերաքննիչ դատարանում, ասաց՝ հասնելու են մինչև Եվրոպական դատարան: Անդրադառնալով Երևանի ավագանու կազմում «Երկիր Ծիրանիի» գործունեությանը՝ ասաց, որ իրենք աշխատելու են, իսկ չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների դեմ դատական հայցեր են ներկայացնելու։

«Դատի ենք տալու բոլորին, ովքեր թերացել են, ովքեր թույլ են տվել ապօրինություններ», - վստահեցրեց Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Հանրությանը իրազեկելու ենք իրենց իրավունքների վերաբերյալ, փորձելու ենք հանրությանը կազմակերպել Երևանում և, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում»:

«Երկիր Ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում հինգ մանդատ է ստացել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 14 մանդատ: