Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ ոչ-վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկի մասին որոշում կընդունվի

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո ասուլիս է տալիս Բրյուսելում, արխիվ

Հայաստան - Եվրոպական միություն գործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ հանգամանալից քննարկում է ծավալվել Եվրամիության անդամ պետություններ Սլովակիայի, Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը երկուստեք շեշտվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում՝ «Հորիզոն 2020», COSME ծրագրերին միանալը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին որոշման նախատեսվող ընդունումը:

ԵՄ երկրների հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակում տեղի ունեցող գործընթացներում։

Պաշտոնական Երևանն ու Բրյուսելը երկու ամիս առաջ նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր: Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում: