Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված հզոր պայթյունի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել, ավելի քան 360-ը՝ վիրավորվել: Այս տվյալները հաղորդում են Աֆղանստանի իշխանությունները:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ զոհերի և վիրավորների թվում կանայք և երեխաներ կան: Ներքին գործերի նախարարությունը Քաբուլի բնակիչներին հորդորել է արյուն հանձնել վիրավորներին օգնելու համար:
Նախնական վարկածով՝ դիվանագիտական թաղամասում, Գերմանիայի դեսպանատան մոտ ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի ալիքը վնասել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող դեսպանատունը:
Քաբուլի կենտրոնը շրջափակված է, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Աշխարհի առաջնորդները հարձակումը բնորոշել են «բարբարոսական գործողություն»: