Սերբիայի նորընտիր նախագահն այսօր ստանձնում է պաշտոնը

Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Ընդդիմության կազմակերպած բողոքի ելույթների ֆոնին Սերբիայի նոընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր ստանձնում է պաշտոնակալությունը: Նախագահի պաշտոնում 47-ամյա Վուչիչը փոխարինում է Տոմիսլավ Նիկոլիչին:

Սերբիայում այս տարվա մարտի 30-ին կայացած նախագահական ընտրություններում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Վուչիչը համոզիչ հաղթանակ էր տարել, ստանալով քվեների մոտ 55 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցում էր 11 թեկնածու։

Վուչիչի քաղաքական մրցակիցների համակիրներից շատերը մինչ այժմ չեն հաշտվել նրա հաղթանակի հետ: Նախագահական ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր էին կազմակերպել, բողոքելով թույլ տրված «բազմաթիվ ընտրախախտումների» դեմ:

Վուչիչի քննադատների համոզմամբ, նրա ընտրությունը կարող է Սերբիան հետ մղել դեպի ավտորիտար համակարգ, ինչպես նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տարիներին: