Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած՝ մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլի ժամանակ Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունել են Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության այսօր տարածած հաղորդագրությունում:
«ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է և որ կարևոր է այն արագ և արդյունավետ եղանակով կյանքի կոչել», - նշված է հաղորդագրությունում:
Ի գիտություն ընդունելով ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծել է, որ «նախընտրական փուլում և ընտրությունների օրը տեղի ունեցած բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևողական և պատշաճ քննություն, և ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար»:
Երկխոսության ընթացքում կարևորվել է ազատ և բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաև քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորել է Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում:
Եվրամիությունը Հայաստանին կոչ է արել ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաև ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:
«Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ ի նպաստ կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման: ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան)», - ասված է հաղորդագրությունում: - «ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծեց, որ կարիք կա այն է՛լ ավելի ամրապնդել՝ իրականացնելով, մասնավորապես,Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Եզրափակիչ դիտողությունները, այդ թվում ներդնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների դեմ կատարված որոշ հանցագործությունների արդյունավետ քննության և քրեական հետապնդման անկախ և անկողմնակալ մեխանիզմ»:
«Երկխոսությունը հնարավորություն տվեց բաց և կառուցողական մթնոլորտում քննարկել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, խորհրդատվական բնույթի հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ», - հաղորդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:
ԵՄ պատվիրակությունը գլխավորել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, իսկ Հայաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գենդերային հարցերով և ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի գծով ավագ խորհրդական Մառա Մարինակին: