Ուկրաինացի փորձագետ․ Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիները օգտագործել են կապի թուրքական, հայերը՝ ռուսական միջոցներ

ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մատույցներում՝ ապրիլյան պատերազմի օրերին

Անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը օգտագործել է թուրքական Aselsan ռազմարդյունաբերական կորպորացիայի ռադիոկապի միջոցները, իսկ հայկական կողմը՝ ռուսական արտադրության սարքավորումներ: Այս մասին հայտնել է ուկրաինական Defence Express տեղեկատվական-խորհրդատվական հանդեսի տնօրեն Սերգեյ Զգուրեցը:

Ռադիոկապի և դրա անվտանգության շուրջ «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հետ հարցազրույցի առիթը Ուկրաինայի զինված ուժերում այս օրերին ընթացող փորձարկումներն են: Ուկրաինան ցանկանում է իր զինված ուժերը ապահովել ժամանակակից ռադիոկապով, հաշվի առնելով ռադիոէլեկտրոնային պայքարի հնարավորությունները՝ ապահով կապ, լրտեսության արգելափակում, խլացումների, միջամտությունների չեզոքացում, հակառակորդի կապը լսելու, լրտեսելու հնարավորություններ:

Ուկրաինան փորձարկում է արտասահմանյան երկու ընկերությունների արտադրանք՝ մեկը թուրքական Aselsan ռազմական կորպորացիան է, մյուսը՝ իսրայելական Elbit Systems ընկերությունը, երկուսն էլ մասնագիտացված են նաև ռազմական կապի սարքավորումներ արտադրելու ասպարեզում: Նրանց արտադրանքի փորձարկումները Ուկրաինայում սկսվել են մայիսի 25-ից ու շարունակվելու են մինչև այս շաբաթվա վերջը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության կողմից երեք տասնյակից ավելի չափորոշիչներ են մշակվել, ներառյալ՝ ռադիոէլեկտրոնային պայքարի ունակությունները, ու հիմա փորձարկվում է, թե այդ երկու ընկերություններից որի սարքավորումներն են ավելի համապատասխանում մշակված չափանիշներին, և փորձարկումների արդյունքում կորոշվի, թե ուկրաինական բանակը ում արտադրանքն է գնելու:

Ռազմական հարցերով ուկրաինացի փորձագետը հարցազրույցում ասել է, թե պետք է խոստովանել, որ Ռուսաստանը հաջողությունների է հասել ռադիոէլեկտորոնային պայքարի ժամանակակից սարքավորումներ ստեղծելու ասպարեզում, ինչը որոշակիորեն ռիսկեր է ստեղծում ուկրաինական կապի համակարգի համար: Բայց նա նաև ասել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից այսօր փորձարկվող թուրքական և իսրայելական ընկերությունների արտադրանքը հնարավորություններով, տեխնիկական բնութագրով գերազանցում է ռուսական նմանատիպ սարքավորումներին:

Փորձարկումների ընթացքում օգտագործվում են նաև ֆրանսիական Thales ընկերության միջոցները, որ Կիևը գնել է սահմանափակ քանակությամբ:

Պատասխանելով հարցին՝ արդյոք տվյալներ, ապացույցներ կա՞ն, թե փորձարկվող կապի միջոցները ինչպես են գործել, ինչպես են իրենց դրսևորել պատերազմական իրական գործողությունների ժամանակ, Defence Express-ի տնօրենը ասել է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը օգտագործել է Aselsan ընկերության կապի համակարգը, և որ Ադրբեջանի կողմից թուրքական ընկերության սարքավորումների դեմ որևէ դժգոհություն չի եղել: Իսկ հայկական կողմը հակամարտությունում օգտագործել է ռադիոկապի ռուսական արտադրության սարքավորումներ, նշել է Զգուրեցը: