ՄԱԿ-ը հայտնում է Եմենում հումանիտար աղետի մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ'Բրայենը հայտարարել է, որ Եմենը կանգնած է սոցիալական, տնտեսական և իրավական փլուզման առջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ երկրում մոտ 7 միլիոն մարդու անմիջականորեն սով է սպառնում։
«Եմենի բնակիչները զրկված են ապրուստից, առողջական խնդիրներ ունեն, զոհվում են, մինչդեռ ողջ աշխարհը աչք է փակում սրա վրա։ Ճգնաժամը ոչ թե մոտենում է, այլ արդեն հասել է նրանց», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Օ'Բրայենը:
Նա հավելել է, որ երկրում թևածում է խոլերայի համաճարակը։ Այսօրվա դրությամբ Եեմնում գրանցված է խոլերայի 60 հազար դեպք, 500 մարդ արդեն մահացել է։ Փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա կես տարում խոլերայով կարող է վարակվել ևս 150 հազար մարդ։
ՄԱԿ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային՝ չհարձակվել Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստի վրա, որով Եմեն է մուտք գործում ներկրվող պարենի 80 տոկոսը:
Հիշեցնենք՝ արաբական կոալիցիան Եմենում հարվածներ է հասցնում կառավարության դեմ ապստամբած՝ Իրանի դաշնակից Հութի խմբավորմանը: