Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլըն: Կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, ով արդեն դիմել է վրացական ոստիկանություն, մտավախություն ունի, որ լրագրողին կարող էին ձերբակալել ադրբեջանական իշխանությունները, փոխանցում է Meydan TV-ն:
Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների մասին իր քննադատական հոդվածներով: 2015 թվականին Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին նա ստիպված լքել է հայրենիքը և բնակություն հաստատել Թբիլիսիում:
Վերջին օրերին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկում հայտնվել է ծավալուն մի հոդված Թբիլիսիում «ընդհատակում գործող» ադրբեջանցի ընդդիմադիրների մասին: Ակտիվիստների թվում նշվում էին նաև հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆգան Մուխթարլըի անունները: Ջեյրանովն ու Բայրամլըն ձերբակալվել էին անցած շաբաթ: