ՄըքՔեյն․ «Պուտինը շատ ավելի առաջնային սպառնալիք է իրենից ներկայացնում, քան անգամ ԻՊ-ը»

Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ

Ռուսաստանի վարած քաղաքականության հանդեպ իր քննադատական մոտեցմամբ հայտնի ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ Վլադիմիր Պուտինը շատ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ժամանակակից աշխարհի համար, քան նույնիսկ իսլամական ահաբեկչությունը:

«Ես կարծում եմ, որ նա շատ ավելի առաջնային և կարևոր սպառնալիք է իրենից ներկայացնում, քան անգամ «Իսլամական պետություն»-ը։ «Իսլամական պետություն» խմբավորումը կարող է ահավոր արարքներ կատարել, և ես իրոք լրջորեն մտահոգված եմ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր իսլամի հետ: Բայց ռուսներն էին, որ փորձում էին խարխլել ժողովրդավարության հիմքերը` փոխելով ամերիկյան ընտրությունների արդյունքները», - հայտարարում էր ՄըքՔեյնը ավստրալական ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Վիրավորական և լպիրշ», - այսպես են բնութագրում ամերիկացի սենատորի հայտարարությունները Մոսկվայում։

Նշենք, ի դեպ, որ վերջին օրերին ՄըքՔեյնի քննադատությունը Ռուսաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հանդեպ զգալիորեն ակտիվացել է: «Փառք Աստծո, որ այդ պարոնը չէ, որ ձևավորում է, հստակեցնում և կյանքի կոչում ամերիկյան արտաքին քաղաքականությունը», - դեռ անցած շաբաթ, արձագանքելով ամերիկյան Սենատի ամենաազդեցիկ անդամներից մեկը հանդիսացող ՄըքՔեյնի նախորդ կոշտ հայտարություններին, նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այսօր արդեն ամերիկացի սենատորի հայտարություններին արձագանքեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «ՄըքՔեյնի կարգի քաղաքական գործիչները կորցրել են իրականության զգացումը: Նրանց թվում է, որ այս աշխարհում իրենք միայնակ են», - նշում էր ռուսաստանցի դիվանագետը:

Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Մոսկվայի դժգոհության հիմնական պատճառն ամերիկացի սենատորի հարցազրույցի այն հատվածն է, որտեղ նա խոսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին:

«Ռուսներին ես այսօր դիտարկում եմ որպես ամենալուրջ մարտահրավերը, որին մենք առերեսվում ենք: Նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Վլադիմիր Պուտինի փորձին հակազդելու ուղղությամբ մենք որևէ քայլի չդիմեցինք: Այդ իսկ պատճառով մենք պետք է խստացնենք պատժամիջոցները: Հուսով եմ, որ Սենատը այս հարցում հստակ քայլերի կդիմի` պատժելով Ռուսաստանին նման պահվածքի համար», - հայտարարում էր Ջոն ՄըքՔեյնը:

Ամերիկացի սենատորի այս հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում շարունակվող հետաքննության ֆոնին: Դրա նպատակն է պարզել, թե արդյո՞ք նախագահ Թրամփի թիմակիցները նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում և ընտրությունների ու նորընտիր նախագահի երդմնակալության արարողության միջև ընկած ժամանակահատվածում առնչություններ ունեցել են Ռուսաստանի իշխանությունների հետ, թե՝ ոչ:

Ամերիկյան մամուլում շրջանառվող վերջին տեղեկությունների համաձայն, այդ հետաքննության առանցքային դերակատարներից է դարձել Դոնալդ Թրամփի փեսան` նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:

The New York Times-ի ունեցած տեղեկությունների համաձայն, 2016-ի դեկտեմբերին Ջարեդ Քուշները հանդիպել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի, ապա նաև Ռուսաստանի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկի` «ՎնեշԷկոնոմԲանկ»-ի նախագահ Սերգեյ Գորկովի հետ:

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ Քուշների նպատակը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև շփումների ոչ-պաշտոնական ձևաչափի ստեղծումն էր, որը կշրջանցեր ամերիկյան պետական մարմինները:

Քուշների հանդեպ հնչեցված այս մեղադրանքները Դոնալդ Թրամփն արդեն իսկ կտրականապես հերքել է` «կեղծ տեղեկություն» որակելով: