Քաղաքապետը «օրինական» է համարում ԼԳԲՏ թեմաներով պաստառների հեռացումը

Լուսանկարը՝ Pink Armenia-ի կայքէջի

Սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող պաստառներն օրեր առաջ Երևանի գովազդային վահանակներից հեռացվել են, քանի որ դրանք տեղադրվել էին առանց թույլտվության: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ապօրինություն թույլ չենք տալու, վստահեցնում է նորընտիր քաղաքապետն ու շարունակում:

«Անօրինականություն ենք կանխել, պետք է դիմեն քաղաքապետարան, էսքիզ հաստատեն, թող համաձայնություն ստանա համապատասխան կազմակերպությունը: Չի դիմել, չի ստացել և տեղադրել է: Այս պարագայում հստակ անօրինական է եղել, և քաղաքապետարանն իր աշխատանքը կատարել է շատ նորմալ»։

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Pink Armenia կազմակերպության պատվերով տեղադրվել էին ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի երեք պաստառներ։ Pink Armenia ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն ասում է․ «Մենք ուզում էին այդ պաստառներով ասել, որ ԼԳԲՏ անձինք ամեն ոլորտում, ամենուր կան»:

Պաստառներից մեկում երկու տղամարդու գրկախառնություն էր պատկերված, հետևյալ մակագրությամբ՝ «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Մյուս պաստառը տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց կոլաժ է, որի վրա գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Երրորդում էլ պատկերված են երեք ձեռքեր, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»: Այս պաստառների տեղադրումից 2 օր անց դրանք հեռացվել են գովազդները տեղադրող կազմակերպության կողմից: Pink Armenia-ն չի հրապարակում գովազդը տեղադրած ընկերության անունը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ քաղաքապետարանը պաստառների բովանդակությամբ պայմանավորված՝ կամայականություն է թույլ տվել, ոտնահարելով ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքն ու դրսևորել խտրական վերաբերմունք․ «Ստացվեց այնպես, որ հանդուրժողականության կամ երջանկության քարոզը համարվեց ապօրինի և անիմաստ, ինչն արդեն խտրականություն է: Քաղաքապետարանի կողմից կամայականություն էր՝ որևէ ձևով դա որակավորել և առանց մեզ իմաց տալու հեռացնել»:

Պաստառները պատվիրած կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանի պնդմամբ՝ իրենք պայմանագիր են կնքել ոլորտում փորձառու գործակալության հետ և տեղյակ չեն եղել, որ տեղադրողը չի համաձայնեցրել բովանդակությունը քաղաքապետարանի հետ: Այդուհանդերձ, ըստ փաստաբանի՝ պաստառներում օրենքին հակասող բովանդակություն չի եղել, և եթե նույնիսկ տեխնիկական կարգը չի պահպանվել, դրանք չպետք է հեռացվեին:

«Քաղաքապետարանն ընդամենը վերահսկողություն է իրականացնում դրա բովանդակության՝ օրենքին համապատասխան լինելու նկատմամբ: Օրենքով արգելված որևէ նշում կամ պատկեր [պաստառների վրա] չկար, էս դեպքում քաղաքապետարանը պետք է ճկուն գտնվեր, քանի որ մարդու իրավունքը գերակա է մյուս օրենքների նկատմամբ: Այդ օրենքները և առհասարակ՝ պետությունը մարդու իրավունքներին ծառայելու նպատակ ունեն»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:

Այժմ Pink Armenia-ն պատրաստվում է վիճարկել պաստառների հեռացման իրավաչափությունը, նաև դիմելու է քաղաքային իշխանությանը՝ պաստառները կրկին փակցնելու պահանջով: Pink Armenia-ի գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ քաղաքացիները հիմնականում անտարբեր են եղել պաստառների նկատմամբ, իսկ աղմուկ բարձրացրել են «ուղղորդված ռուսամետ կողմնորոշում ունեցող մարդկանց» խմբերը: «Կան կոնկրետ ուղղորդված խմբեր, որոնք հստակ օգտագործեցին սոցիալական մեդիան և այդ ագրեսիան փորձեցին մտցնել ընդհանուր մեդիա դաշտ, հասարակության մեջ»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը:

Երևանի նորընտիր ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մարդն անկախ իր կողմնորոշումներից, գերակա արժեք է, սակայն, հաշվի առնելով նույնասեռականների նկատմամբ հանրության վերաբերմունքը՝ իրենք դեռևս ԼԳԲՏ անձանց առնչվող որևէ նախաձեռնությամբ հանդես գալ չեն պատրաստվում:

Ամերիկյան «Pew» հետազոտական կենտրոնի մեկ ամիս առաջ հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի բնակչության 98%-ը բարոյականությանը հակասող է համարում նույնասեռականությունը: