Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կյանքը դժոխքի վերածելու Զարուհի Փոստանջյանի խոստմանը ժպիտով է արձագանքում․ - «Շատ հետաքրքիր նիստեր են անցնելու: Ներկա կլինեք, կտեսնեք»:
Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Փոստանջյանը քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, հայտարարել էր, որ տեղի ունեցածը ընտրություններ չեն և շեշտել, որ Տարոն Մարգարյանին դժոխք է սպասվում։
Տարոն Մարգարյանը հակադարձում է, թե ընտրությունները նորմալ են անցել, իսկ մրցակից «Երկիր Ծիրանիի» ղեկավարը, եթե իր կյանքը դժոխքի վերածելու փոխարեն համագործակցի Հանրապետականի հետ հանուն Երևանի զարգացման, ապա պատրաստ են անգամ օգնել նրան։
Մարգարյանի կարծիքով, որոշ ժամանակ անց պարզ կդառնա Փոստանջյանի ավագանի գալու նպատակը․ - «Եթե երևանցիները ձայն են տվել, և ինքը ցանկություն ունի մասնակցելու և ցանկություն ունի մեր Երևան քաղաքը կառուցելու․․․ ով ուզում է Երևան քաղաքի համար, մեր երևանցիների համար մի լավ բան անել․ մենք պատրաստ ենք օգնել»։
Այսօր Երևանի գործող ավագանու վերջին նիստն էր։ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունները ավարտեցին իրենց աշխատանքը։
«Բարև Երևան»-ից ակտիվ ընդդիմադիր գործիչ Անահիտ Բախշյանը, ով «Ելք» դաշինքի կազմում վերընտրվել է ավագանու անդամ, ասաց, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու Փոստանջյանի խոստմանը չի միանա․ - «Որևէ մեկին չեմ միանա երբեք կյանքում՝ դժոխք ստեղծելու համար․․․ Ես գալիս եմ աշխատելու, համագործակցելու»:
Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դատարան է դիմել: Իսկ «Ելք» դաշինքը պնդում է, որ մոտ երեսուն էջանոց նյութեր ունեն, որոնք իրենց մոտ հայտնվել են Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի աղբամանից: Այդ նյութերը, նրանց պնդմամբ, վկայում են բաժանված ընտրակաշառքի մասին: Գործով արդեն զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:
Տարոն Մարգարյանը ասաց, որ սպասում են այս գործընթացների ավարտին, բայց, իրենց կարծիքով, ընտրական պրոցեսում խնդիր չկար․ - «Համարում ենք, որ շատ նորմալ ընտրություններ են անցել, մեր երևանցիները ակտիվ մասնակցություն են ունեցել՝ շուրջ 49.9 մասնակցություն է․ երեք քաղաքական ուժի մասնակցության դեպքում մինչև 50 տոկոսը բավարար, նորմալ մասնակցություն է»:
Մարգարյանը պնդմամբ՝ Հանրապետականը 70 տոկոս ձայն է ստացել, քանի որ քաղաքացիները գնահատել են նախորդ տարիների իրենց աշխատանքը․ - «Մենք բազում ձեռքբերումներ ունենք Երևան քաղաքում: Բացթողումների հետ կապված կարող եմ ասել՝ ընդամենը ժամանակը չի հերիքել: Բայց մենք արդեն մեր երևանցիների կողմից ունենք վստահության քվեն, ժամանակը արդեն բավարար է՝ մնացած բոլորը իրականություն դարձնելու»:
Անահիտ Բախշյանը, մինչդեռ, Հանրապետականի աշխատանքը բավարար չի գնահատում․ - «Ես շատ լավ չեմ գնահատում: Ես ասում եմ, որ, այո, կան բաներ, որ արեցին: Իրենց 2013-17 թվականների ծրագրի 30-40 տոկոսը արեցին, բայց մնացածը չեն արել: Ես հատ-հատ, փաստերով կարող եմ ասել և ասել եմ էս ընթացքում»:
Նրա խոսքով, նոր ավագանիում իրենք պատրաստ են համագործակցել մյուս ուժերի հետ՝ Երևանում փոփոխություններ անելու համար։ Մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքներով նոր ավագանիում Հանրապետականը կունենա 46, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանին»՝ 5 մանդատ։ Նորընտիր ավագանու առաջին նիստի օրը հայտնի չէ, քանի որ Զարուհի Փոստանջյանը դեռ վիճարկում է դրանց արդյունքները դատարանում։
Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրությանը, ապա «Երևանի մասին» օրենքի համաձայն, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ուժերից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ ուժի ցուցակի առաջին համարը համարվում է ընտրված քաղաքապետ։ Հանրապետականի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը։