ՄըքՔեյն․ Պուտինը աշխարհի համար ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ը

Ավստրալիա - ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնը ելույթ է ունենում Սիդնեյում, 30-ը մայիսի, 2017թ․

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Ջոն ՄըքՔեյնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի համար ավելի մեծ վտանգ, քան «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է: Այդ մասին սենատորը հայտարարել է Ավստրալիա այցի ժամանակ:

ՄըքՔեյնը հույս է հայտնել, որ ամերիկյան Սենատը կխստացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, ինչի մեջ մեղադրում են Կրեմլին:

Կրեմլի և անձամբ Պուտինի ամենակոշտ քննադատներից համարվող ՄըքՔեյնը, ավելի վաղ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, վերջինիս անվանել է «Հալեպում հիվանդանոցներ ռմբակոծող, Ուկրաինա ներխուժած և Ղրիմը բռնակցած Պուտինի խամաճիկ»: