«Ծառուկյան դաշինքի» 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին

Գագիկ Ծառուկյան, արխիվ

Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության երեք պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի, Խաչիկ Մանուկյանի և Արտյոմ Ծառուկյանի լիազորությունները դադարեցվեցին: Համապատասխան արձանագրությունն Ազգային ժողովի նախագահն արդեն ստորագրել է և պատճեններն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին «Ազատությանը» հաղորդեցին ԱԺ քարտուղարությունից։

Հրաժարականի դիմումներ ներկայացրած հիշյալ երեք պատգամավորները դեռևս մայիսի 2-ին էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել ԿԸՀ, հրաժարվելով մանդատներից, սակայն, հաջորդ իսկ օրը գնացել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պահանջել իրենց մանդատները: Թե ինչու նրանք երկրորդ անգամ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին, մինչ օրս չեն պարզաբանել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում պետք է տեղեկացնի, թե ովքեր են նրանց փոխարեն վերցնելու մանդատները: