ՆԱՏՕ ԽՎ-ը պաշտպանում է Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին

Վրաստան - ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանը Թբիլիսիում, 29-ը մայիսի, 2017թ․

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) պաշտպանում է Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին է՛լ ավելի խորացնել հարաբերությունները պաշտոնական Թբիլիսիի հետ: Այդ մասին ասված է համաժողովի այսօր ընդունած հռչակագրում:

Վրաստանի եվրատլանտյան հավակնություններն ընդգծելու համար դաշինքի անդամ 28 երկրները որոշել էին իրենց հերթական, քառօրյա համաժողովը Թբիլիսիում անցկացնել:

Վրաստանը պատկանում է եվրատլանտյան համայնքին՝ հայտարարեց Վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին: «Վրաստանի ժողովուրդը համոզված է, որ իր ապագան ու ճակատագիրը Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության հետ է կապված: Վրաստանի զինված ուժերը ի ցույց են դրել ՆԱՏՕ-ի ուժերի հետ ինտեգրվելու իրենց գերազանց պրոֆեսիոնալիզմն ու կարողությունը: Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում, հատկապես՝ Աֆղանստանում, ակնառու է», - ասաց նա:

Վեհաժողովի նախագահը փաստեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համալրումը՝ Չեռնոգորիայի անդամակցությունը, հստակ ուղերձ է Վրաստանին ու հավակնորդ մյուս երկրներին առ այն, որ դաշինքի դռները բաց են բոլորի առաջ: «ՆԱՏՕ-ն, սակայն, միայն ռազմական կառույց չէ, սա միևնույն սկզբունքները, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատ տնտեսության նկատմամբ հարգանքը կիսող ժողովուրդների միություն է», - հայտարարեց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան, հավաստիացնելով՝ Վրաստանը անկասկած կիսում է այդ արժեքները:

«Այս երկիրը հսկայական փոփոխությունների է ենթարկվել վերջին 15 տարվա ընթացքում, և դա շատ հարցերում է ակնառու: Ես գլխավորում էի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը անցած հոկտեմբերին կայացած ընտրություններում և ինքս տեսա՝ որքան է նվիրված վրացի ժողովուրդը ժողովրդավարությանը: Եվ այս ճանապարհին Վրաստանին աջակցելը մնում է ՆԱՏՕ-ի գերակա նպատակներից մեկը», - նշեց Պաոլո Ալլին:

ՆԱՏՕ-ի խորհդարանական վեհաժողովը նաև հստակ աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ վերստին դատապարտելով Ռուսաստանին Հարավային Օսիան ու Աբխազիան օկուպացնելու համար: «Ամեն օր Ռուսաստանը փորձում է ավելին տանել Վրաստանի հողերից՝ ամրապնդելով իր ներկայությունն ու վերահսկողությունը, ինչն անընդունելի է մեզ համար», - հայտարարեց Վեհաժողովի նախագահը:

Պաշտոնական Թբիլիսին, իր հերթին, պնդեց՝ վճռական է շարունակել բարեփոխումներն ու խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Թեև եվրատլանտյան համայնքի հետ հարաբերությունների սերտացումը սկսվել էր նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք, սակայն այս հարցում ընդդիմախոսների դիրքորոշումը չի տարբերվում: «Որպես անդամակցության հավակնորդ ու գործընկեր՝ Վրաստանը շարունակում է իր ներդրումը բերել եվրատլանտյան ընդհանուր անվտանգության հաստատմանը. մենք շարունակում ենք մնալ Աֆղանստանում՝ ցուցաբերելով ամենամեծ աջակցությունը ոչ անդամ երկրների շարքում», - հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Վրաստանը հաստատակամ է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, մեր ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է ամենաբարձր մակարդակին, և մենք վճռական ենք շարունակել բարեփոխումները ժողովրդավարության ու դաշինքի հետ ինտեգրման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն ամենահաջող դաշինքն է, քանի որ հաստատակամ ու միասնական պաշտպանում է իր անդամների տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը», - ընդգծեց Կվիրիկաշվիլին:

Ի դեպ, հավաքի ավարտին Վրաստանի պաշտպանության նախարարը հաղորդեց, որ Ամերիկյան զինուժը պատրաստվում է առաջիկա երեք տարիներին ուսումնական վարժանքներ անցկացնել և օգնել Վրաստանին՝ 9 գումարտակ կազմավորել: «Այս գործընթացը կօգնի մեր բանակին է՛լ ավելի հզորանալ և համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին», - հայտարարեց Լևան Իզորիան: