Ղրղըզստանում հոկտեմբերի 15-ին նոր նախագահ կընտրեն

Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա հոկտեմբերի 15-ին: Այս մասին Աթամբաևն ասել է այսօր՝ Ղրղըզստանի բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական արարողության ժամանակ:

Ղրղըզստանի ներկայիս նախագահը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2011 թվականին, երկրի Սահմանադրության համաձայն, չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար: Անցած դեկտեմբերին Աթամբաևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նախագահական մի շարք լիազորություններ փոխանցվել են երկրի վարչապետին: Ղրղըզստանի որոշ ընդդիմադիր գործիչների պնդմամբ, նախագահի նախաձեռնած այդ հանրաքվեն նրա՝ իշխանության ղեկին մնալու հեռահար նպատակ ուներ:

Ինքը՝ Ալմազբեկ Աթամբաևը, սակայն, հայտարարել է, որ նպատակ չունի պաշտոնաթող լինելուց հետո զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: