Անգամ այն գործը, որը քաղհասարակությունը բացահայտում է, իրավապահները «սպանում են»․ Դանիել Իոաննիսյան

Հայաստանում գոյություն չունի անկախ իրավապահ մարմին, որը ընտրակաշառքների կամ հնչեղություն ստացած այլ գործերի վերաբերյալ կարող է անկախ քննություն կատարել: Այսպիսի համոզմունք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

Վերջերս տեղի ունեցած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մի քանի սկանդալների կենտրոնում հայտնվեց՝ կապված ձայներ հավաքելու, ընտրակաշառքների, ընտրողների ուղղորդման հետ:

Խոսելով դրանցից մեկի՝ «Զիբիլիքս»-ի մասին, երբ, հիշեցնենք, ընդդիմադիր «Ելք» դաշինքը աղբամանում հայտնաբերած նյութերը ներկայացրեց Գլխավոր դատախազությանը՝ հաղորդելով «հանցագործության» մասին, Իոաննիսյանը շեշտեց․ - «Զիբիլիքս»-ի պատմությունը առհասարակ բավականին հետաքրքիր է ոչ միայն այն փաստերով, որոնք որ Հանրապետական կուսակցության թափած աղբից ի հայտ եկան, ջրի երես դուրս եկան, այլև նրանով, թե ով է դա հայտնաբերել՝ դա հայտնաբերել են ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները»:

«Առհասարակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որ կարծես թե ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները կամ քաղհասարակությունը իրենց վրա վերցնում են իրավապահների ֆունկցիաներ», - ասաց Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով․ - «Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ իրավապահները որևիցե պրոակտիվ գործողություն չեն կատարում, որպեսզի բացահայտեն նման դեպքերը, ինչո՞ւ են նման դեպքերը միշտ բացահայտվում քաղհասարակության կողմից կամ ընդդիմադիրների կողմից և ընդ որում շատ հաճախ իրավապահների կողմից պատշաճ քննության առարկա չեն դառնում»:

«Երբ ընդդիմադիրները տեսախցիկի վրա նկարում են, թե ինչպես է քաղաքացին պատմում, որ ինքը ընտրակաշառք է վերցրել, ումից է վերցրել, ինչքան է վերցրել, որտեղ է վերցրել, երբ է վերցրել, ում հետ միասին է վերցրել, ինչի համար, այսինքն՝ բոլոր մանրամասներով, հետո այդ քաղաքացուն հրավիրում են ոստիկանություն, այդ քաղաքացին ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարում է, որ ինքը որևիցե ընտրակաշառք չի վերցրել, և այսպիսի դեպքը մեկը չէ՝ այս պահին ես առնվազն երեք այդպիսի դեպք հիշում եմ վերջին ժամանակաշրջանում, սա նշանակում է, որ իրավապահները իրենք կոծկում են գործը: Այսինքն՝ անգամ այն գործը, որը քաղհասարակությունը բացահայտում է, այսինքն՝ անում է մի բան, ինչը ի սկզբանե պետք է իրավապահները անեին, բայց անգամ երբ արդեն գործը ծամած տալիս են իրավապահներին, անգամ այդ դեպքերում իրավապահները գործը «սպանում են», - շեշտեց Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․