Այսօր Փարիզում կհանդիպեն Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոն և Վլադիմիր Պուտին

Այսօր Փարիզում կայանալու է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Հանդիպմանն ընդառաջ՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ կոշտ դիրքորոշում ուներ Ռուսաստանի և այդ երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է, որ Ռուսաստանին հարգանքով է վերաբերվում և Պուտինին հրավիրում է Փարիզ:

Բանն այն է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում պետք է բացվի Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինին նվիրված ցուցահանդես, և Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը մտադիր է մասնակցել ցուցահանդեսին: Մակրոնի հայտարարությունը, որ հրավիրում է Պուտինին, այս առումով չափազանց կարևոր հայտարարություն էր Մոսկվայի համար:

Հանդիպման մասին, որ կայանալու է այսօր Վերսալում, երկու երկրների նախագահները պայմանավորվել են մայիսի 18-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Ես հստակ երկխոսության եմ տրամադրված իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ», - ասել է Մակրոնը, հավելելով՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ուժի քաղաքականության կողմնակից են, սակայն ինքը մտադիր չէ զիջել իր դիրքորոշումները:

Պուտինի հետ հանդիպմանը Մակրոնը մտադիր է քննարկել մի շարք հրատապ միջազգային հարցեր:

Ավելի վաղ Ֆրանսիայի նորընտիր նախագահը հայտարարել էր` պատժամիջոցները վերացնելու հարցը կախված է նրանից, թե ինչպես կկատարի Մոսկվան Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

Սրա հետ մեկտեղ, Մակրոնը Իտալիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովին հետևած ասուլիսին նաև հայտարարել է, որ առանց Մոսկվայի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ, իր հերթին, հայտարարել է, որ Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո պետք է երկխոսություն վարել ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին:

Հավելենք՝ քարոզարշավի ժամանակ Էմանյուել Մակրոնը հայտարարում էր, որ Մոսկվան և Փարիզը տարբեր առաջնայնություններ և արժեքներ ունեն: