Անսար ալ-Շարիա ահաբեկչական խմբավորումը լուծարվում է

Անսար ալ-Շարիա խմբավորման զինյալները, արխիվ

Լիբիական Անսար ալ-Շարիա զինյալների խմբավորումը, որը կապված էր Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման հետ, հայտարարել է ինքնալուծարման մասին: Միացյալ Նահանգները մեղադրում էր խմբավորումը 2012-ի Բենգազիի հարձակման համար, որի ժամանակ սպանվեց ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

Լուծարման մասին խմբավորումը հայտարարել է երեկ՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է ծանր կորուստների և խմբավորման առաջնորդների զոհվելու արդյունքում:

Անսար ալ-Շարիան ստեղծվել էր 2012-ին երկու ավելի փոքր խմբավորումների միավորումից, Լիբիայի դիկտատոր Մուամմար Քադդաֆիի՝ իշխանությունից հեռանալուց հետո:

ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը այս խմբավորումը որակում են որպես ահաբեկչական: