Միացյալ Նահանգների նախագահների մեծ մասը, սովորաբար, առաջին արտասահմանյան այցով մեկնել է հարևան Կանադա կամ Մեքսիկա: Դոնալդ Թրամփը, սակայն, Սպիտակ տանն անցկացրած առաջին չորս ամիսներին բազմիցս է ապացուցել՝ ինքը առանձնահատուկ է և շատ է տարբերվում նախորդներից:
Դիվանագիտական տրորված արահետներով անցնելու փոխարեն` Թրամփը առաջին իսկ այցը վերածեց հագեցած շրջագայության` ինն օրում այցելելով Սաուդյան Արաբիա, Իսրայել, Պաղեստինի ինքնավարություն, Բրյուսել, Հռոմ ու Սիցիլիա: Մինչ հայրենիքում շարունակվում էին վեճերը նրա առաջարկած բյուջեի նախագծի, առողջապահության ոլորտի բարեփոխման ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնանկության շուրջ, Դոնալդ Թրամփը փորձում էր միջազգային լսարանը գրավել, որը թերահավատորեն էր ընդունել նրա` «Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսը:
Սաուդյան Արաբիա
Մայիսի 20-ին սկսելով իր առաջին արտասահմանյան այցը` Նահանգների Գերագույն գլխավոր հրամանատարը ժամանեց Ռիյադ`արժանանալով ճոխ ընդունելության: Այս այցով Դոնալդ Թրամփը, թերևս, նպատակ ուներ Վաշինգտոնի աջակցությունը ցույց տալ Սաուդյան Արաբիայի թագավորին ու 50 մահմեդական երկրների առաջնորդներին, ինչպես նաև հավաստիացնել, որ իր վարչակազմը հակամահմեդական չէ:
Թրամփի հայտարարությունները, թե Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի մյուս սուննի երկրները չպետք է երբևէ կասկածի տակ առնեն Նահանգների աջակցությունը, և որ ինքը չի եկել բարոյախրատական ելույթներ ունենալու, ջերմ ընդունելության արժանացան մահմեդական առաջնորդների կողմից: Իրավապաշտպանները, մինչդեռ, քննադատեցին, քանի որ ակնկալում էին Սպիտակ տան ղեկավարից հստակ ուղերձներ լսել` տարածաշրջանում մարդու իրավունքների ոչ բավարար պաշտպանության վերաբերյալ։
Նահանգների առաջնորդն, ի դեպ, ձեռնունայն չհեռացավ. Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ 110 միլիարդ դոլարանոց գործարք կնքեց` զինամթերքի մատակարարման վերաբերյալ, որը առաջիկա տասը տարիներին կարող է շարունակվել` հասնելով մինչև 350 միլիարդ դոլարի: «Սա կնպաստի ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարին աշխարհով մեկ, այլև գործազրկության կրճատմանը Միացյալ Նահանգներում», - հայտարարեց նա: - «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիային` մոտ 100 միլիարդ դոլար Միացյալ Նահանգներում ներդնելու համար։ Սա կբերի աշխատատեղեր, նոր, շատ, շատ աշխատատեղեր, մեր պաշտպանական համայնքը ուղղակի երջանիկ է»։
Կոնգրեսի երկու պալատներում, սակայն, ոչ բոլորն են նախագահի հետ համակարծիք: Դեմոկրատական ու հանրապետական ճամբարների մի շարք ներկայացուցիչներ պնդում են՝ այս գործարքը արմատապես փոխում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը: Ընդդիմախոսներն այժմ փորձում են օրենսդիր մարմնում արգելափակել դրա գոնե որոշ դրույթներ:
Իսրայել և Պաղեստինի ինքնավարություն
Սաուդյան Արաբիայում երկօրյա բանակցություններից հետո` մայիսի 22-ին, Թրամփը մեկնեց Իսրայել և Պաղեստինի ինքնավարություն: Այցի օրակարգը խիստ հագեցած էր` Լացի պատ, Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարան ու Սուրբ Հարության տաճար, հանդիպում Իսրայելի ղեկավարների ու Պաղեստինի նախագահի հետ: Այցելությունը քրիստոնյաների ու հրեաների սրբավայրեր, ինչպես նաև հանդիպումը Մահմուդ Աբասի հետ, ցույց տվեցին, որ Թրամփը փորձում է կապ հաստատել տարբեր կրոնների ներկայացուցիների հետ և խաղաղ բանակցությունների հիմք դնել, որոնք, իր խոսքով, կհանգեցնեն վերջնական համաձայնության:
«Այս առավոտ ես հանդիպեցի նախագահ Աբասի հետ և կարող եմ ասել ձեզ, որ պաղեստինցիները պատրաստ են խաղաղության։ Իմ լավ ընկեր Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներից դատելով՝ նա ևս խաղաղություն է ուզում։ Այդ գործընթացը, սակայն, հեշտ չի լինելու, բոլորս գիտենք այդ մասին. երկու կողմերն էլ կանգնելու են դժվարին որոշումների առջև, սակայն հաստատակամությամբ, փոխզիջումներով և խաղաղության հանդեպ հավատամքով իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են համաձայնության հասնել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը։
Խաղաղության կոչերով Իսրայել եկած Թրամփը խոսեց նաև Իրանի մասին՝ հստակ ընդգծելով, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ այդ երկրի միջուկային հավակնությունները սառեցնելու համար:
«Այսօր Թեհրանը որպես սպառնալիք են ընդունում նաև արաբական մի շարք երկրներ: Իրանը հովանավորում և ֆինանսավորում է ահաբեկչությունը, սարսափելի բռնություններ հրահրում ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են միասին աշխատել այդ արհավիրքները կանխելու համար: Եվ ամենակարևորը՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են միասնաբար հայտարարել, որ Իրանին երբեք չպետք է թույլ տրվի միջուկային զենք ունենալ, երբեք և ոչ մի դեպքում, և որ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր ահաբեկիչների ֆինանսավորումը, վարժեցումն ու զինումը», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը, գոնե այս փուլում, խուսափեց իրագործել իր նախընտրական վիճահարույց խոստումը` Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Իսրայելը Երուսաղեմն իր միակ և անբաժանելի մայրաքաղաքն է համարում և չի թաքցնում օտարերկրյա ներկայացուցչություններն այնտեղ տեսնելու ցանկությունը: Նահանգների մի շարք դաշնակիցներ, սակայն, դեմ են, քանի որ պաղեստինցիները ևս հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ:
Վատիկան
Դոնալդ Թրամփի շրջագայության երրորդ կանգառը Վատիկանն էր, որտեղ նա հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Թրամփի քարոզարշավի ժամանակ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քննադատել էր նրա կոշտ դիրքորոշումը փախստականների ու մահմեդականների վերաբերյալ։ Չնայած դրան` երկու առաջնորդները մոտ մեկուկես ժամ շարունակված ջերմ զրույց ունեցան ու նվերներ փոխանակեցին: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը գերտերության առաջնորդին նվիրեց իր այս տարվա խաղաղության ուղերձը` «Ո՛չ բռնությանը» կարգախոսով, նաև ելույթների տեքստեր` շրջակա միջավայրի պաշտպանության ու կլիմայի փոփոխության բացասական հետևաքների մասին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կասկածի տակ էր դրել կլիմայի փոփոխության վերաբերյալ փաստերը։ Ֆրանցիսկոսի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց` իր համար մեծ պատիվ էր նրա հետ հանդիպելը:
Բրյուսել
Սպիտակ տան առաջնորդի հաջորդ կանգառը Բրյուսելն էր, ուր նա ժամանեց ոչ միայն Եվրամիության առաջնորդների հետ բանակցելու, այլև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Սպիտակ տան նոր ղեկավարի հարաբերությունները ուշադրության կենտրոնում էին նրա պաշտոնամուտի առաջին իսկ օրվանից: Նախընտրական շրջանում Թրամփը պնդում էր, թե կազմակերպությունը հնացել է և չի կարողանում համարժեք արձագանքել արդի մարտահրավերներին։ Սպիտակ տուն գալով, սակայն, նա վերանայեց այդ դիրքորոշումը։ Մինչդեռ դաշնակիցներին ուղղված կշտամբանքները՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու մասին, մնացին ուժի մեջ։ Նահանգների նախագահը ստիպված էր Բրյուսելում կրկին այս մասին բարձրաձայնել։
«28 անդամ երկրներից 23-ը դեռ չեն վճարում այնքան, որքան պարտավոր են վճարել իրենց պաշտպանության համար: Սա արդար չէ ամերիկացի հարկատուների նկատմամբ, դաշնակից երկրներից շատերի պարտքը հասնում է հսկայական չափերի», - հայտարարեց Թրամփը։
Հստակ ու ընդգծված այս ուղերձը անարդյունք չանցավ։ Ելույթից երկու օր անց Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց՝ դաշնակիցներից շատերը ի վերջո համաձայնել են ավելացնել իրենց վճարումները՝ ստանձնած պարտավորություններին համապատասխան։
«Գումարները սկսում են հոսել դեպի ՆԱՏՕ այն երկրներից, որոնք մինչ այդ չէին կատարում իրենց պարտավորությունները և հիմա էլ չէին վճարի, եթե ես չընտրվեի: Հիմա կարող եմ ասել՝ ՆԱՏՕ-ի բյուջեն համալրվում է, դաշինքը հզորանում է։ Սա արդար է Միացյալ Նահանգների հանդեպ, մենք ամեն կերպ պատրաստ են զորակցել դաշինքին, բայց ուզում ենք, որ մեր հանդեպ վերաբերմունքը արդար լինի», - շեշտեց Միացյալ Նահանգների նախագահը։
Թեև ՆԱՏՕ-ի որոշ անդամներ հույս ունեին Սպիտակ տան ղեկավարից Ռուսաստանի հասցեին քննադատություն լսել Ղրիմի բռնակցման վերաբերյալ, Դոնալդ Թրամփը այդ մասին չխոսեց։ Փոխարենը՝ նա պահանջեց ավելի ակտիվ պայքարել ահաբեկչության դեմ, առավել մեծ ուշադրություն դարձնել փախստականների հետ կապված խնդիրներին ու Ռուսաստանից եկող վտանգներին:
Սիցիլիա
9-օրյա շրջագայության ավարտին Դոնալդ Թրամփը մեկնեց Սիցիլիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Մոլորակի ամենահարուստ այս պետությունների առաջնորդները ամեն տարի հավաքվում են մի սեղանի շուրջ՝ համաշխարհային տնտեսությանը, անվտանգությանն ու էներգետիկային վերաբերող խնդիրները քննարկելու։ Բացառություն չէր նաև այս հանդիպումը: Դռնփակ բանակցություններից հետո հաղորդվեց՝ համաշխարհային տնտեսության շուրջ 50 տոկոսը տնօրինող առաջնորդները համաձայնել են ավելացնել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում, զերծ մնալ հովանավորչությունից ու վերացնել անարդար մոտեցումները առևտրի ոլորտում:
.
«Ես մասնակցեցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին՝ մեծ առաջընթաց արձանագրելով շատ, շատ առանցքային հարցերում. Ես ներկայացրեցի տնտեսական աճի և արդար առևտրի իմ տեսլականը՝ ի նպաստ լավ վարձատրվող աշխատատեղերի ու միջին խավի բարեկեցության։ Կոչ արեցի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսին են ահաբեկչությունը և ներգաղթը, որպեսզի պաշտպանենք մեր իսկ քաղաքացիներին: Սաուդիան Արաբիայից Իսրայել, ապա՝ ՆԱՏՕ, իսկ վերջում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողով: Մենք արտակարգ օգուտներ քաղեցինք այս պատմական շրջագայությունից, որոնք կնպաստեն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մեր բարեկամների ու դաշնակիցների անվտանգությանն ու բարգավաճմանը», - հայտարարեց Թրամփը։
Հագեցած օրակարգի միակ հարցը, որի շուրջ առաջնորդները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ, կլիմայի փոփոխությունների համաձայնագիրն էր։ Այստեղ էլ Դոնալդ Թրամփը առանձնացավ մյուսներից՝ խոստանալով Նահանգներ վերադառնալուց հետո՝ հաջորդ շաբաթ հրապարակել իր որոշումը: Մինչդեռ Ռուսաստանի հարցում բոլորն էին համակարծիք: Գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրում 7 գերտերությունները պատրաստակամություն հայտնեցին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, եթե Կրեմլը չսկսի իրագործել Մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: