«Ավրորա»-ի համահիմնադիր․ Հայկական աշխարհում ներփակվելով առաջընթաց հնարավոր չէ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյան (ձախից) և Ռուբեն Վարդանյան, Դիլիջան, 27-ը մայիսի, 2017թ․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շնորհիվ Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին այսօր խոսում են երկրներում, որտեղ հայերի մասին նախկինում չէին էլ լսել, վստահ են «Ավրորա»-ի երեք համահիմնադիրները։

Նրանցից հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մտայնությունը, թե ամեն ինչ վատ է և ոչ մի դրական բան չկա, շատ վտանգավոր է ցանկացած հասարակության համար, դրա համար էլ պետք են «Ավրորա»-ի հերոսները։

«Մենք պիտի ավելի շատ խոսենք այս լավի մասին, մենք պիտի ավելի շատ պատմենք հերոսների մասին, պիտի ամեն ինչ անենք, որ մարդիկ էս ապատիայից և անտարբերությունից դուրս գան և հասկանան, որ իրենց կյանքի ապագան կախված է իրենցից, ոչ թե ինչ-որ մեկից», - ասաց Վարդանյանը:

«Ավրորա»-ի մեկ այլ համահիմնադիր՝ Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանն էլ վստահ է, որ հայկական աշխարհում ներփակվելով առաջընթաց հնարավոր չէ։

«Այնպիսի օրեր ենք ապրում, որ ամենքը ցինիկ են եղել, ոչ մի բանի չեն հավատում մարդիկ՝ էնքան դավաճանել են իրենց, էնքան խաբվել են մարդիկ, էնքան հիասթափված են, որ չեն հավատում մի բանի: Դրա համար է, որ պետք ունենք մարդկանց, որ իրենց օրինակով ցույց տան, որ հասարակության համար են իրենք, մարդկության պատվավորության համար են, ոչ թե միայն իրենց շահերի համար», - հայտարարեց Գրեգորյանը:

Դիլիջանի միջազգային քոլեջում կազմակերպված «Ավրորա» քննարկումների շարքի մեկնարկից առաջ ամերիկահայ հայտնի գործիչն անդրադարձավ նաև քննադատություններին, թե ինչու «Ավրորա»-ի վրա ծախսվող միլիոնավոր դոլարները չեն ուղղվում Հայաստանի բնակչությանն օժանդակելուն։

«Ես հիմա որ գալիս էի ճամփան, կազինոները, մեկը չի քննադատում՝ էս մեր ազգը, երկիրը ինչու էդքան կազինոներ պիտի լինեն, պալատի նման սարքել են: Առաջին անգամ որ եկա, ասի՝ էս կազինոները ո՞ւմ են պատկանում, դրամ էս երկրից են տանում՝ ոչ մեկը չի քննադատում, դրամը, ասում է, բերել եք էստեղ՝ ուրիշին եք տալիս, քննադատում է», - նշեց Վարդան Գրեգորյանը՝ շարունակելով․ - «Բայց մենք չպիտի մեղադրվեք, թե Դիլիջանում այսպիսի դպրոց ենք սարքել, եթե տասը հատ ուրիշ կարող էինք սարքել: Ինչո՞ւ չեն սարքել մինչ այդ՝ փոխանակ կազինո առնելու: Ամեն կազինոյի 50 տոկոսը որ կա, պետք է գնա դպրոցներին: Ուրիշ բաներ էլ կան անելու: Այնպես որ, ես շատ հպարտ եմ, որ «Ավրորա»»-ն ամբողջ աշխարհը բերել է Հայաստան»:

Մարդասիրության նպատակով 1 միլիոն դոլար մրցանակ շնորհող «Ավրորա»-ի մյուս համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն էլ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ պարտադիր չէ Հայաստանում ունենալ մարդու իրավունքների առումով կատարյալ իրավիճակ, որպեսզի երկիրը դառնա մարդասիրական կենտրոն։

«Ես դա զգում եմ, անշուշտ, Հայաստանում պահանջ կա այլ նյութով, բայց մենք չպետք է խառնենք այդ երկու նյութերը, իմ կարծիքով: Մարդասիրական գաղափարներ կարող են ծնվել աշխարհի որևէ մեկ կողմում՝ անկախ կառավարություններից: Ընդհանրապես, կառավարությունների արած քայլերն են, որ մարդասիրական ընդմիջում են պարտադրում կամ կարիքն են բերում», - ընդգծեց Աֆեյանը: - «Ընդհանրապես, կարծում եմ, Հայաստանը՝ որպես շատ ուրիշ երկրներ, այդ ուղղությամբ պետք է աշխատի և պետք է իրավունքների զորակցումը դառնա նպատակ, և է՛ նպատակ՝ շատ ժողովուրդների, այդ թվում՝ մեր, բայց իմ կարծիքով՝ մենք չենք կարող ասել, որ նախ պետք է այս բաները անենք, հետո կարող ենք այս մյուսներով զբաղվել: Իմ կարծիքով՝ ամեն տարբեր նյութ իր տեղը ունի, և ես կապը չեմ տեսնում երկուսի մեջ»:

Դիլիջանի UWC միջազգային քոլեջում այսօր հավաքվել էին մարդասիրության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, գիտնականներ, բարերարներ ու բիզնես առաջնորդներ։ «Ավրորա» քննարկումների այս տարվա հիմնական թեմաներից էին փախստականների ճգնաժամը և հարցը, թե ինչպես է մարդասիրական օգնությունը, կրթությունը և սոցիալական ներգրավումն ազդում վտանգի մեջ գտնվողների վրա:

«Ավրորա» մարդասիրական երկրորդ մրցանակը կհանձնվի վաղը երեկոյան։ Դրան հավակնում են Սոմալիից մինչև Աֆղանստան կյանքեր փրկող հինգ գործիչներ։