Տուժող ոստիկանները կրկին մեղադրյալների մեջ չտեսան իրենց հարվածողներին

Սարի թաղի գործով տուժող ճանաչված ոստիկաններն այսօր հերթական անգամ դատարանում հայտարարեցին, որ նիստերի դահլիճում ներկա սարիթաղցի երեք մեղադրյալներին չեն ճանաչում, դեմքով չեն տեսելու չեն կարող ասել, թե անցած տարվա հուլիսի 19-ին նրանցից ո՞վ ի՞նչ գործողություն է կատարել:

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Սարի թաղի ցույցի ազատազրկված 10 մասնակիցներից 3-ի՝ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը:

Դատավոր Արթուր Օհանյանը թուլատրեց նկարահանել նիստի առաջին 5 րոպեն միայն: Տուժող ոստիկաններից մեկին դատավորը հարցրեց՝ մեղադրյալներից որևէ պահանջ ունե՞ս, նշելով՝ բարոյական վնասի փոխհատուցում և այլն , ոստիկանն ասաց, որ չունի, քանի որ ամբաստանյալներին չի ճանաչում, ապա հավելեց․ - «Ինձ խփողին որ իմանամ ով ա, պահանջ կներկայացնեմ»:

Այսօր ցուցմունք տված երեք ոստիկաններն ասացին, որ այդ օրը քաղաքացիական հագուստով ոստիկաններ իրենց շարքերում չեն եղել, թեև ազատարկված սարիթաղցիների հարազատները հակառակն են պնդում:

Փաստաբան Արայիկ Զալյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանների մոտ ատրճանակներ կային: Տուժող ոստիկանն ասաց՝ իր մոտ չկար, բայց կային ոստիկաններ, ովքեր ունեին: Մեղադրող դատախազն այստեղ առարկեց, դատավորը հանեց առարկությունը:

«Ես չեմ նկատել, որ ոստիկանը զենքը հանի կողքից, վերև պահի», - ասաց տուժողը: Պատասխանին հաջոդեց փաստաբանի հետևյալ հարցը՝ եթե նրանցից մեկը զենքը երկինք պարզեր՝ լարվածություն կառաջանա՞ր, տուժողն արձագանքեց․ - «Հնարավոր է և սրվեր, հնարավոր ա՝ չէ: Չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Հիշեցնենք, որ սարիթաղցիների հարազատները պնդում են, որ վեճը սկսվել է այն բանից, երբ ոստիկաններից մեկը զենքը հանել է գոտկատեղից:

Մյուս ոստիկանին մեղադրող դատախազը հարցրեց՝ քաղաքացիների հագուստների գույներն էլ չե՞ք հիշում, տուժողը պատասխանեց՝ մեկը դեղին, մյուսը մոխրագույն վերնազգեստներով էին: Դատախազն ասաց՝ օրինակ, դեղին վերնաշապիկովն իրեն ինչպե՞ս էր պահում: Տուժողը պատասխանեց․ - «Պահանջում էր, որ ճանապարհը բացենք, սպառնալիքներ էր տալիս»:

Տուժող ոստիկաններից մեկն էլ ասաց այն, ինչ շուրջ 9 ամիս շարունակ պնդում են ամբաստանյալների հարազատները՝ հուլիսի 19-ին իրենց հարազատները փողոց էին դւրս եկել միայն սոցիալական պահանջներով:

«Իրանք կենցաղային հարցերի շուրջ էին պահանջներ հնչեցնում: Ջուրը, գազը, լույսը», - ասաց նա:

Հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման օրերին շրջափակման մեջ հայտնված Սարի թաղում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո 10 սարիթաղցի շուրջ 10 ամիս անազատության մեջ են: Նրանց մեղսագրվում է զանգվածային անկարգություն և ոստիկանի նկատմամբ բռնության կիրառում: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարվա ազատարկում: