«Կոռուպցիայի կանխարգելման նոր մարմինը դեռ չձևավորված՝ քաղաքացիական հասարակությունը արդեն կասկածի տակ է առնում դրա ստեղծման անկախության երաշխիքները։
Հանձնաժողովի կազմն ընտրելու է Ազգային ժողովը, ինչը, ըստ փորձագետների, սահմանափակելու է կառույցի անկախությունը։
«Ձևավորման կարգը լինի այնպես, որ որևէ պետական մարմնից կամ նշանակող անձից կախված չլինի: Այսինքն անկախության երաշխիքներ ենք կարևորում: Միաժամանակ այլ պետական մարմինների հետ հարաբերություններում նրա [ստեղծվելիք մարմնի] ներկայացրած պահանջների իմպերատիվությունը», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարարի Արփինե Հովհաննիսյանը շեշտում է, որ ինքնավար մարմնի ընտրությունը խորհրդարանին է վերագրված Սահմանադրությամբ:
Հակակոռուպցիոն կոլաիցիայի անդամ, իրավաբան Կարեն Զադոյանը հակադարձում է, որ Սահմանադրությունն Ավետարան չէ, կարելի է փոփոխել․ - «Եվ նախատեսել, օրինակ, իրավապահ մարմինների գլխում հնարավորություն ստեղծել անկախ մարմին և ինքը դառնա Սահմանադրական երաշխիքներով օժտված մարմին»:
«Հինգշաբթի օրը կառավարությունում քննարկված այս նախագիծն արտահայտում է բացառապես Կառավարության տեսակետները», -. հայտարարում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան»։ Նախագծի մշակմանը կոալիցիան մասնակցել է, սակայն պնդում է, որ ներկայացված տարբերակում իրենց առաջարկները ներառված չեն։
Կարեն Զադոյանի հավաստմամբ, վերջնական նախագիծը ձևավորվել է նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում, որի քննարկումներին քաղհասարակությունը չի մասնակցել․ - «Այդ վերջնական որոշումը իմացել ենք մամուլից, տեսել ենք՝ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խումբ և վերջում մի դրաֆթում դրված նախագիծ: Բայց մենք նաև ուղարկել ենք այդ աշխատանքային խմբի նախագիծ՝ ունիվերսալ մարմնի մասին: Բայց մենք մինչև օրս չունենք որևէ պատասխան»:
Զադոյանն «ունիվերսալ» մարմնի կողմնակից է, որը կունենար երեք գործառույթ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հասարակությանը կրթելու, կանխարգելելու և նախաքննություն իրականացնելու։ Սակայն որոշվել է կանխարգելիչ մարմին ստեղծել։
«Եթե ունիվերսալը չենք ընտրում, ընտրում ենք կանխարգելիչ մոդելը, ապա մենք պետք է ունենանք նաև նախաքննություն իրականացնող հատուկ մարմին կոռուպցիոն հանցագործությունների գործերով: Այդ դեպքում կարող է լիարժեք լինել», - նշեց նա՝ հարց բարձրացնելով, թե ինչու չեղան մոդելի ընտրության շուրջ հանրային քննարկումներ։
Արփինե Հովհաննիսյանը, որը, «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծի համահեղինակն է, հասարակական կազմակերպությունների մտահոգություններն «ավելորդ հավակնություններ» է որակում․ - «Հասարակության կարծիքը լսել ենք, իրենք էլ մասնակցել են: Որ փուլում որ մասնակցել են, այդ փուլից ի վեր ընդամենը նախագծի այսպես ասենք՝ տեխնիկական մշակման աշխատանքներն են իրականացվել: Եվ ոչ թե իրենց տեսակետը, նոր բան պետք է ավելացնել այն ամենի վրա, ինչ մենք գիտեինք իրենց դիրքորոշման հարցում: Եթե իրենց հետաքրքրում է պարզապես իրենց ներկայացվածությունը, դա այլ հարց է»:
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա, և 2018-ից տալ ինքնավար մարմնի կարգավիճակ։ Հանձնաժողովը ֆինանսավորվելու է պետական բյուջեից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Կառույցը, ըստ օրենքի նախագծի, ապաքաղաքական է և քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն:
Հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամներից` նախագահից, տեղակալից և երեք անդամներից, որոնք պետք է լինեն 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, «բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։ Նախագծի համաձայն, ունեցվածքը պարտավորվելու են հայտարարագել ոչ միան բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև քննիչները, դատախազներն ու պետական գնումների ոլորտում ներգրավված մարդիկ։
Արդարդադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյան. - «Նշված մարմինն օժտված է լինելու օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, այդ թվում՝ պատասխանատվության միջոց կիրառելու կարողությամբ»:
«Հակակոռուպցիոն կոալիցիան» առաջարկում է կառավարությանը հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկում կազմակերպելու նպատակով, օրենքի նախագիծը ներկայացնել նաև հանրային քննարկման: