Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում այսօր տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
Նիստերին մասնակցել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
ՀՀ Ընդլայնված կազմով նիստի ավարտից հետո ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև 2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և այլն:
Ստորագրվել են նաև միջազգային համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը և տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում և մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ: