Տեղի կունենա Շառլ Ազնավուրի երգերի հիման վրա ստեղծված բալետային ներկայացման պրեմիերան

Կոնստանտին Օրբելյանը (ձ) և Ռուդոլֆ Խառատյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմերան ՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործությանը:

Բեմադրության հեղինակը՝ ռեժիսոր, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, պարզաբանեց, թե ինչու ներկայացումը ներառված հենց «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Խառատյանի խոսքով, ի սկզբանե է այն նախատեսված էր ոչ թե որպես ամբողջական բեմադրություն, այլ փոքրիկ պարային հատված, որ պետք է ներկայացվեր մրցանակաբախշության ժամանակ, բայց աշխատանքների ընթացքում աստիճանաբար սկսեց ձևավորվել Ազնավուրի 12 երգերի հիման վրա ստեղծվող, նրա կյանքն ու ստեղծագործական ժամանակահատվածը ներկայացնող մի այլաբանական զգացմունքային բեմադրություն, որը, իհարկե, չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը, բայց փորձում է բալետի լեզվով բացահայտել լեգենդար շանսոնյեի բուռն, փոթորկալից, ամենատարբեր դժվարություններ հաղթահարող, չընկճվող, դեպի իր երազանքը, դեպի կատարելությունը ձգտող կերպարը:

«Շառլ Ազնավուրը էն երևույթն ա, որը ճեղքել ա ժամանակը, դուրս է եկել ժամանակից և դառել ա հավերժություն՝ իր երգերով, իր արվեստով: Եվ 12 երգերը շատ հանրահայտ երգեր են, կավարտվի «Լա Բոհեմով»: Ընտրել եմ ավելի շուտ ներքին դրամատուրգիայի․․․ Բոլոր ընտրված երգերը ուղարկվում էին իրեն՝ Մեծ Վարպետին, ինքը իր գնահատականը տալիս էր՝ գոհ է թե գոհ չէ, սցենարը իրեն համոզում է թե չի համոզում», - նշեց նա:

Այս ներկայացմամբ Ռուդոլֆ Խառայանը փորձել է ևս մեկ խնդիր լուծել, որի մաիսն խոսում էր դեռ տարիներ առաջ՝ Միացյալ Նահանգներից վերադարձից հետո․ - «Ինձ համար շատ կարևոր էր ստեղծել մի նոր բալետ, բացի Շառլ Ազնավուրի մեծանուն ներկայությունը այսօր իր երեաժշտության միջոցով բեմի վրա, նաև առաջ տանել մեր բալետային մտածելակերպը: Բալետային մտածելակերպ և բալետային կատարում․ սրանք տարբեր բաներ են: Այդ երկուսը զուգահեռ պետք է առաջ մղվի»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, անվանի դիրիժոր Կոնստանդին Օրբելյանի խոսքով, այս ներկայացումը մի իսկական տոն է լինելու Ազնավուրի արվեստի երկրպագուների համար և այն ներառվելու է օպերային թատրոնի խաղացանկում:

Օրբելյանը հավաստիացրեց, որ շատ ոգևորված է այս նախագծով և համոզված է, որ այն շատ ջերմ ընդունելության է արժանանալու ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան երկրների հանդիսատեսի կողմից:

Սպասվում է, «Լա Բոհեմի» պրեմիերային ներկա կլինի նաև Շառլ Ազնավուրը: