ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը որոշ մանրամասներ է հրապարակել ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած Մամեդյարով – Նալբանդյան հանդիպման վերաբերյալ:
«Բեկում տեղի չունեցավ, ոչ ոք չէր էլ ակնկալում: Կարևորն այն է , որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել և մտքեր փոխանակել խնդրահարույց հարցերի շուրջ և հստակեցնել միմյանց դիրքորոշումները»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում պատմել է նա:
Պոպովը տեղեկացրել է որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը:
«Դրա հետ համաձայն են երկու կողմերը, սակայն որոշ դետալների շուրջ տարաձայնությունը պահպանվում է՝ այդ թվում դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի շուրջ»,- նշել է ռուսաստանցի համանախագահը:
Իգոր Պոպովը հայտնել է նաև, որ առաջիկայում Մինսկի խումբը պատրաստվում է այցելել տարածաշրջան՝ հակամարտող կողմերի միջև հետագա շփումները քննարկելու նպատակով:
2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկում իրականացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:
Այդ համաձայնությունն ավելի ուշ վերահաստատվել էր Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովում: Պաշտոնական Երևանը բազմիցս պնդել է, որ Բաքուն հրաժարվում է դրանցով ստանձնած պայմանավորվածությունների կատարումից: