Ներկայացվեց «Ավրորա մարդասիրության ցուցիչը»․ հայաստանցիները առավել բաց են փախստականների առաջ

12 երկրների շարքում Հայաստանը մեկն է այն 3 երկրներից, որի բնակչությունը բաց է փախստականների առաջ և ողջունում է նրանց աջակցելը: Այս մասին են փաստում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության իրականացրած հետազոտության արդյունքները:

Միևնույն ժամանակ, փախստականների նկատմամբ առավել բացասաբար են տրամադրված Ռուսաստանում և Ճապոնիայում:

Այսօր Մատենադարանում ներկայացվեց «Ավրորա մարդասիրության ցուցիչը», որի համաձայն՝ հումանիտար գործունեությունն ամբողջ աշխարհում անկում է ապրում, և փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է մեծ անվստահություն:

«Ավրորա»-ի համահիմնադիր, ռուսաստանահայ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ չնայած հետազոտությունը փաստում է, որ մարդիկ հիմնականում չեն հավատում, որ կարող են ազդել իրավիճակի վրա, այդուհանդերձ իրենց խնդիրն է ապացուցել հակառակը:

«Չնայած շուրջն առկա բոլոր վատ պատմություններին՝ մեր ապագան մեզնից է կախված, մեր ապագան մեր ձեռքերում է, և մենք կարող ենք ազդեցություն ունենալ», - իր ելույթում ասաց Ռուբեն Վարդանյանը:

Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6,500 մարդ՝ 12 երկրից, փաստում է՝ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր: Այս տարի հարցվածների 63 տոկոսն է այդպիսի կարծիք հայտնել: Առաջնային խնդիրների շարքում են նաև տնտեսական անհավասարությունը, սովը, կլիմայական փոփոխությունները և պարտադրված միգրացիան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանն «Ազատությանն» ասաց, որ արդեն երկրորդ տարին իրականացված հետազոտությունը նպատակ ունի ճշգրտել ու առավել արդյունավետ դարձնել իրենց գործունեությունը․ - «Եթե մարդիկ չաջակցեն որևէ որոշմանը՝ թե՛ կառավարության, թե՛ որևէ կազմակերպության, դժվար թե այդ որոշումները լինեն էֆեկտիվ և դժվար թե դրանք լինեն ավելի երկարատև»:

Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:

12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների հյուրընկալել են Պակիստանը, Իրանը և Թուրքիան:

2017թ. ց դրական կողմն այն է, որ երիտասարդությունն առաջ է ընկել ավագ սերնդից՝ առավել բաց ընդունելով և աջակցելով փախստականներն և ցանկություն է հայտնել ներգրավվել հումանիտար գործունեության մեջ: