Դաշտադեմն այս տարի շրջանավարտ չունի, «գյուղը քայքայվում է»

Լոռու մարզի Դաշտադեմ գյուղի ընդամենը 15 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցն այս տարի ընդհանրապես շրջանավարտ չունի։ Վերջին զանգին նվիրված հավաքներ ու միջոցառումներ էլ նախատեսված չեն։ «Վերջին ավարտական դասարան չունենք»,- ասում են ուսուցիչները:

Այսօր նրանք հավաքվել էին ցուրտ ուսուցչանոցում և տարեվերջյան ամփոփումներն էին անում։ Դպրոցի փոխտնօրեն Սոֆիկ Մարգարյանը մտաբերում է, թե ինչպես նախորդ տարի ընդամենը մեկ շրջանավարտով վերջին զանգ նշեցին։ «Դե մի երեխայի հետ ինչ կարող ես անել, ծնողը եկավ, նստեցինք, սուրճ խմեցինք․․․մեզ մոտ էդ ռեստորանային աժիոտաժը չկա, դրամահավաքներ չկան»,- ասաց Մարգարյանը:

Փոքրաթիվ դպրոցականներն այսօր իրենց դասագրքերը բերել էին հանձնելու՝ սեպտեմբերին դարձյալ դպրոց գալու պայմանով։ Վրաստանի հետ սահմանակցող Դաշտադեմում ընդամենը 32 ընտանիք է ապրում։ «Մի ընտանիք են էլի, մի ընտանիքի նման ապրում են»,- ասում է գյուղի բնակչուհիներից մեկը։

Նախկինում Դաշտադեմն ադրբեջանցիներով է բնակեցված եղել։ Նրանց հեռանալուց հետո այնտեղ փախստականներ են հաստատվել։ Սակայն, Տաշիր քաղաքի հետ կապող 10 կիլոմետրանոց դժվարանցանելի ճանապարհը, գազի բացակայությունը, խստաշունչ ձմեռներն ու քամոտ ամառները նորեկներին հարկադրեցին հեռանալ գյուղից: «Գյուղը քայքայվում է, դա վտանգավոր է, մենք ցավ ենք ապրում, դա մեծ հոգս է, պետք է մտածվի այդ մասին»,- ասում է Դաշտադեմի դպրոցի փոխտնօրենը:

Նա վստահեցնում է, որ գնացողները նախորդ տարիներին են շատ եղել, արտահոսքն այժմ դադարել է։ Անգամ մատնացույց է անում գյուղում նոր տունուտեղ դնողներին։ Դպրոցի աշխարհագրության և կենսաբանության ուսուցչուհի Շուշանիկ Թանգամյանը Գյումրիից է ընտանիքով տեղափոխվել Դաշտադեմ։ «Ես, ամուսինս, աղջիկս, փեսաս, թոռներս... ի՞նչ դժգոհենք, եթե քաղաքում նստած ենք, ապրուստի միջոց չունենք, էլ դժգոհելու ի՞նչ կա»,- ասում է Շուշանիկ Թանգամյանը:

Վաղը Դաշտադեմի դպրոցում ոչ թե մեծերը, այլ ամենափոքրերը հյուրեր կունենան։ Մի դասասենյակում միաժամանակ սովորող առաջինից չորրորդ դասարանցիներն այբբենարանի հանդես կանեն։