Հազարավոր քաղաքացիներ քվեարկել են «օգնողների միջոցով», ահազանգում է դիտորդը

Դանիել Իոաննիսյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պնդմամբ, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցած 1,5 միլիոն ընտրողներից գրեթե 75 հազարը քվեարկել է, այսպես կոչված, օգնողի միջոցով, հայտարարում է քվեարկությունը դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նրա շեշտմամբ, այդ թիվն արտացոլում է միայն ընտրողների մատյաններում գրանցված դեպքերը, մինչդեռ, իրենք նկատել են բազմաթիվ այլ օգնողների, որոնք առանց գրանցվելու պարզապես ընտրողի հետ քվեախցիկ են մտել: Դանիել Իոաննիսյանի խոսքով, հենց այդ պատճառով էլ օգնողի միջոցով քվեարկելու դեպքերն ամենաշատը Երևանում են գրանցվել, քանի որ մայրաքաղաքում դիտորդներն ավելի հետևողական են եղել քվեախցիկ մտնող կողմնակի անձանց նկատելու և գրանցելու առումով:

«Ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 12 տոկոս, Երևանում է գրանցվել, որտեղ դիտորդներն ավելի պատրաստված էին և տեղամասերում ավելի ազդեցիկ էին: Իսկ մարզերում իրենք հաճախ կարիք չունեին գրանցվել՝ որպես օգնող: Ուղղակի մտնում էին քվեախցիկ ու նայում էին»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Նրա կարծիքով, այսպես կոչված՝ օգնողների այդչափ մեծ թիվը կարող է վկայել «վերահսկվող քվեարկության» մասին: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» պահանջով ԿԸՀ-ի տրամադրած տվյալների, 23 ընտրատեղամասերում քվեարկած յուրաքանչյուր հինգերորդ ընտրողն ասել է, որ միայնակ չի կարող քվեարկել: 4 ընտրատեղամասերում նման հայտարարություն է արել յուրաքանչյուր երրորդ ընտրողը։ Իսկ էջմիածնի տեղամասերից մեկում ընտրողների գրեթե 90 տոկոսը միայնակ չի քվեարկել։ Իոաննիսյանը կարծում է, որ նման ցուցանիշներ ունեցող տեղամասերով պետք է զբաղվեն իրավապահները:

«Առհասարակ, 227 տեղամասերում օգնողներով քվեարկությունները կազմել են 10 տոկոսից ավելի: 23 տեղամասերում՝ 20 տոկոսից ավելի: Թվով 4 տեղամասերում այդ թիվը գերազանցել է 30 տոկոսը, համարյա ամեն երրորդը: Սա բավական մտահոգիչ է»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը:

Դանիել Իոաննիսյանը, ով նաև Երևանի ավագանու ընտրություններն է դիտարկել, ասում է, որ նույն երևույթը նկատել են նաև մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ: Այդ ընտրություններին վերաբերող տվյալներ ստանալու համար ևս մտադիր են դիմել ԿԸՀ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում․ թվերն արտառոց չեն, վերահսկվող քվեարկության մասին պնդումներ անելու համար էլ «նախ պետք է ապացույցներ ունենալ»:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս կասկածելի ոչինչ չի տեսնում օգնողների միջոցով քվեարկելու մեջ: Ասում է՝ ինքն էլ է տեղամասում ականատես եղել, թե ինչպես է քվեարկելու համար ակնհայտ աջակցության կարիք ունեցող ընտրողը դիմել ու ստացել անհրաժեշտ աջակցությունը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, մինչդեռ, կարծում է, որ հրապարակված ցուցանիշը «մտահոգիչ է» ու «կասկած է առաջացնում», որ քվեարկությունն ուղղորդված է եղել: Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ առաջիկայում փորձելու են օրենսդրական փոփոխություններով այդ հարցը կարգավորել:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, խորհրդարան անցան չորս ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» դաշինքն ու «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, ստանալով, համապատասխանաբար, 58, 31, 9 և 7 մանդատ։ Բազմաթիվ հաղորդումների համաձայն, այդ ընտրությունների ընթացքում լայնորեն ընտրակաշառք է բաժանվել: