Վոլոդյա Ավետիսյանը համաներմամբ ազատ է արձակվել

Վոլոդյա Ավետիսյանը Հանրապետության հրապարակում: 25-ը մայիսի, 2017 թ․

Այսօր կալանավայրից համաներմամբ ազատ արձակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն, ով խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով երեքուկես տարի անցկացրեց բանտում: Նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման:

«Բոլորիցդ շնորհակալ եմ էս սատարման համար: Ես իրոք ինչ արել եմ, անում եմ հայ ազգի համար: Էս իշխանություններից պետք է շուտափույթ ազատվել: Պետք է պայքարել», - կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո ասաց նա:

Տարիներ առաջ ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար բողոքի ակցիաներ նախաձեռնած Ավետիսյանը հայտարարեց, թե շարունակելու է պայքարը՝ անգամ եթե իրեն նորից կալանավորեն։

Պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ - «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բոլորը պիտի հրաժարական տան»:

Ավետիսյանն այսօր խոստովանեց, որ տարիներ առաջ սատարել է Հայաստանի բոլոր երեք նախագահներին։ Նա ընդգծեց, որ իր պատիժը համարում է հատուցում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար: Հիշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար իրենց գյուղում տնից տուն է մտել, ծանոթ-բարեկամներին համոզել ընտրել հենց նրան՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց, ինչպես հայտարարեց ղարաբաղյան կարգավորման հարցում կոշտ դիրքորոշում ունեցող պահեստազորի գնդապետը, Սարգսյանը դրժեց տարիներ առաջ իրեն տված խոստումը, թե այլևս որևէ թիզ հողի կորուստ չի լինի։ Ավետիսյանը նկատի ուներ անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտարը:

«Հավատալով, որ իրոք դեպի լավն ենք գնալու՝ ընտրել եմ: Մի անգամ, երբ որ նշում էինք Սերժ Սարգսյանի հաղթանակը, մոտեցա, ասացի՝ պարոն նախագահ, հնարավորինը արեցինք, շնորհավորում եմ Ձեր հաղթանակը, մեր հաղթանակը: Ասի՝ չմոռանաք, որ մենք ծովից ծով Հայաստան ենք կորցրել: Ասեց՝ էլ չենք կորցնելու: Խաբեց․ 800 հեկտար հող կորցրեցինք, 100-ից ավել զոհեր ենք տվել․․․ ու էդ ամեն ինչը կազմակերպված էր իշխանությունների կողմից, որ հողերը հետ տային», - ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Բանտից տուն գնալու փոխարեն Վոլոդյա Ավետիսյանը մեկնեց Կառավարության շենքի մոտ՝ նստացույց սկսելու մտադրությամբ․ - «Պահանջում եմ Արդարադատության նախարարը գա պատասխան տա ինձ: Գերությունից ազատվել եմ, Հայաստանի Հանրապետության մեջ գերի եմ եղել»:

Ազատամարտիկն ասաց, որ պայքարը սկսելու է դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, սակայն չի մոռանալու նաև նախկին պայքարի՝ ծանր սոցիալական վիճակում հայտնված ազատամարտիկներին ոտքի հանելու մասին․ - «Պահանջս ընդհանուր է, ընդհանուր Հայաստանի Հանրապետության վիճակի հետ կապված: Հայաստանում օրենք չի գործում: Էն որ սևով սպիտակի վրա գրված ա, հաստատված ա Ազգային ժողովի կողմից, նախագահի կողմից, էդ օրենքները չի գործում: Կամ գործում ա էնքան, ինչքան որ իրենք են ցանկանում։ Սա է խնդիրը, մենք պետք է ունենանք օրենքով երկիր»:

Կալանավորումից հետո Ավետիսյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործը շինծու է, և որ իշխանությունը դրանով նպատակ ուներ մեկուսացնել իրեն՝ ազատամարտիկների համար իր կողմից նախաձեռնած բողոքի ակցիաներին վերջ տալու համար։ Նա մատնացույց էր արել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով նախարարի աթոռը թողնելուց հետո մասնակցեց խորհրդարանական ընտրություններին՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից ու խիստ քննադատության ենթարկելով իշխանությանը:

Ավետիսյանը չի հավատում նախկին նախարարի անկեղծությանը․ - «Ես Սեյրան Օհանյանին ընդդիմադիր չեմ համարում․․․ Ասացի գուցե զղջացել է, բայց ժամանակը ցույց կտա»:

Նստացույցն ընդմիջելով՝ Հանրապետության հրապարակից Ավետիսյանը ուղևորվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ ներկա գտնվելու զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի դատավարությանը:

Դատարանում նա հայտարարեց, որ Հայաստանում մոտ 70 քաղբանտարկյալ կա, և որ բոլորի նկարներով պաստառ է պատրաստելու՝ Կառավարության առջև տեղադրելու համար․ - «Արարատը, մնացած տղաները, որ նստած են․․․ «Սասնա ծռերը», Շանթը, Վարդանյան Վարդանը, Գևորգը․․․»:

Վոլոդյա Ավետիսյանն այժմ նստացույցը շարունակում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այգում: