Բրիտանական ոստիկանությունը ևս երկու մարդ է ձերբակալել շաբաթվա սկզբին Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով 22 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը` վիրավորվել:
Ընդհանուր առմամբ, այս պահին գործով ձերբակալվածների թիվը հասնում է 8-ի, որոնց թվում են պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտի՝ Լիբիայից Միացյալ Թագավորություն ներգաղթած ընտանիքի զավակ Սալման Աբեդիի հայրը, ավագ և կրտսեր եղբայրները:
Ավելի վաղ՝ երեկ, ոստիկանությունը ձերբակալել էր նաև մի կնոջ, ով, սակայն, ըստ BBC-ի, այսօր առավոտյան ազատ է արձակվել:
Արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կրիտիկական աստիճանին, ինչը նշանակում է, որ նոր հարձակումների վտանգ կա: