ՆԱՏՕ-ի ղեկավարները հավաքվել են Բրյուսելում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի նախօրեին պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 24-ը մայիսի, 2017թ.

Գերտերության 45-րդ ղեկավարն առաջին անգամ կմասնակցի դաշինքի հավաքին:

Այսօր Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծ ուրախությամբ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դիմավորելու եմ գործընկերներիս»,- Twitter-ի իր ջում գրել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

ԱՄՆ-ի նախագահները՝ որպես ՆԱՏՕ-ի ամենահզոր պետության ղեկավարներ, ավանդաբար մասնակցում են գագաթնաժողովներին: Այս հավաքին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում անցյալ տարվա նախագահական ընտրարշավի ամիսներին ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատությունը:

Մի ելույթում Թրամփը «ժամկետանց» էր որակել Հյուսիսատլանտյան դաշինքը, մեկ այլ ելույթում՝ կշտամբել դաշնակիցներին, ասելով, որ եթե նրանք ուզում են երաշխավորված պաշտպանություն, ապա պարտավոր են ավելացնել դաշինքի ֆինանսավորումը:

Գագաթնաժողովը գումարվում է ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանում, որի կառուցումը սկսվել է 2010 թվականին: Այն փոխարինում է 1967 թվականին կառուցված հին համալիրը:

Ամբողջ Եվրոպայի վերնախավն է մեկնել Բրյուսել՝ Թրամփի հետ հանդիպելու: Այսօր ՆԱՏՕ-ի նոր համալիր կայցելեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրամիության մյուս ղեկավարները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին խոսել է գագաթնաժողովի օրակարգի մասին, ասելով, որ առավել կարևոր թեմաներից մեկը դաշինքի արդար ֆինանսավորումն է:

«Պետք է կատարենք ՆԱՏՕ-ի ֆինանսավորման կրճատումը դադարեցնելու և աստիճանաբար ավելացնելու, տասը տարում համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասցնելու 2014 թվականին ստանձնած պարտավորությունը: Մենք առաջընթաց ենք գրանցում»,- ասել է Ստոլտենբերգը:

Գագաթնաժողովի նախօրեին հանդիպելով լրագրողների հետ, Ստոլտենբերգը նշել է, որ ֆինանսավորման հարցում կա դրական միտում:

«Երկար տարիներ տեղում դոփելուց հետո եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան անցյալ տարի միլիարդավոր դոլարներով ավելացրել են հատկացումները, սակայն «բեռ կիսել»՝ չի նշանակում միայն փող հատկացնել, պետք է նաև աջակցել ՆԱՏՕ-ի առաքելությանը, գործողություններին և այլ պարտավորություններին», - ասել է Հոյսւսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: