ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծիքով, 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը դժվար իրագործելի է:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին նորընտիր Ազգային ժողովին իր ուղերձում մտահոգիչ էր համարել վիճակը՝ առաջիկա տասնամյակների համար որպես գերխնդիր նշելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Սարգսյանը նաև առաջին անգամ կոնկտեր թվեր հնչեցրեց՝ 2040 թվականին Հայաստանում առնվազն 4 միլիոն բնակիչ պետք է լինի:
Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ եթե կարողանանք 20 տարում գոնե 3.5 միլիոնի հասնել, դա հրաշալի ցուցանիշ կլինի Հայաստանի համար․ - «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե մենք ռեալ փորձենք հաշվարկել մեր հնարավորությունները, ապա, կարծում եմ, որ հնչեցված թվերին հասնելը կլինի բավականին դժվար: Բայց անգամ եթե մենք կարողանանք հասնել այդ հնչեցված թվերի հիսուն տոկոսին, ես կարծում եմ, դա մեզ համար կլինի շատ մեծ քայլ առաջ: Եթե մենք կարողանանք 300, 400 կամ 500 հարյուր հազար բնակչություն ավելացնենք, դա կլինի շատ մեծ առաջընթաց և շատ մեծ քայլ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և կայունացնելու տեսանկյունից»:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը երկու տարի առաջ մեծ ուսումնասիրություն էր կատարել՝ եզրահանգելով, որ ամենաբարենպաստ սցենարի դեպքում, եթե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին 3.2 միլիոն կկազմի: Իսկ վատատեսական սցենարի դեպքում, եթե որևէ բան չարվի արտագաղթը նվազեցնելու, ծնելությունը խթանելու համար, ապա Հայաստանում երկու միլիոնից էլ քիչ մարդ կմնա:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր նախորդ ուղերձներում այսքան մանրամասն և թվերով երբևէ չի անդրադարձել ժողովրդագրական խնդրին, անգամ կառավարության ծրագրերում կոնկրետ թվերով արտահայտված նպատակներ դժվար է գտնել: 2008- 2012 թվականների ծրագրում, օրինակ, նշվում է, որ իրականացնելու են ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն, նպաստելու են ծնելիության մակարդակի աճին, կյանքի տևողության ավելացմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը: Կոնկրետ թվեր սակայն չկան: 2012 - 2017 թվականների ծրագրում արտագաղթը կանխարգելելու, ներգաղթը սատարելու, հասարակության ծերացման միտումները կանխելու հետ մեկտեղ, կառավարությունը նպատակադրվել էր ծնելիության գործակիցը հասցնել 1.8-ի: Ծնելության գործակիցը, սակայն, ինչպես 2012 թվականին եղել է, այնպես էլ մնում է՝ 1.6:
Ի տարբերություն կառավարության ծրագրերի, Հայաստանի պաշտոնական վիճակագրության թվերն ավելի խոսուն են․ 2008 թվականից ի վեր Հայաստանում ավելի քան 100 հազարով պակասել է մշտական բնակչությունը՝ 3.1 միլիոնից դառնալով մոտ 2 մլն 990 հազար: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, 2008-ից ցայսօր Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 346 հազար մարդ: Ծնունդների թիվը 2008-ից հետո մի փոքր աճել է, ապա՝ նվազել: 2014-ից ի վեր անընդհատ նվազման միտումներ են: Մահացությունը, հակառակը, աճում է։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում իշխանությունը բարեփոխումների, ժողովրդագրական վիճակը բարելավելու, արտագաղթը նվազեցնելու բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն վիճակագրությունը փաստում է, որ խնդիրներն է՛լ ավելի են խորանում․ - «Մենք եկել ենք հետևյալին, որ առաջին հերթին քաղաքական իրավիճակը փոփոխության կարիք ունի, որպեսզի երկու հանգամանք աշխատի՝ և՛ մարդիկ գան, և՛ Հայաստանից մարդիկ չգնան: Եվ դրան զուգահեռ, ինքը նաև նշանակում է զուտ ծնելիություն: Էս իշխանությունը խոստումը տալիս է խոստում տալու համար: Ինքը պատասխանատվություն չունի մեր նկատմամբ, որովհետև մենք իրան չենք ընտրում: Ինքը շատ լավ գիտի, թե ինչպես ա ընտրվում․․․ Դա պայմանավորված չի իր աշխատանքները գնահատելով: Դա ընդամենը պայմանավորված է իրենց ընդունակություններով՝ կարո՞ղ են ընտրակաշառք բաժանել, թե՞ ոչ»:
Իշխող Հանրապետականի ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, իրատեսական է համարում նախագահի մատնանշած նպատակը՝ նշելով, որ բարեփոխումներ կատարելու և 10 միլիոնանոց սփյուռքի համար Հայաստանը բնակություն հաստատելու ցանկալի վայր դարձնելու քաղաքական կամք ունեն․ - «Եթե ամեն ինչ լավ լիներ, թերացումներ չլիներ, էս փոփոխություններն էլ չէր լինի: Հիմա մենք փոփոխությունների նոր փուլ ենք մտել, և արդեն այդ ծրագրերը՝ կառավարության ծրագրերը, մեր կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերը, որոնք արդեն դրված են և կյանքի են կոչվելու, ինձ թվում է, այդ պարագայի դեպքում, ճիշտ քաղաքականություն վարելու, երկրի տնտեսական և արտաքին քաղաքական ճիշտ դրսևորումների դեպքում դա իրատեսական եմ համարում»: