Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ սկանդալային միջադեպի հարուցած լարվածությունը չի թուլանում

Անցած շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքից հետո շարունակվում են թուրք-ամերիկյան փոխադարձ մեղադրանքներն ու լարվածությունը:

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաասը նախօրեին կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն անցած շաբաթ նախագահ Թայիփ Էրդողանի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքի հրապարակման համաձայն, թուրքական արտաքին գերատեսչությունը գրավոր և բանավոր դժգոհություն է հայտնել դեսպան Բաասին «ԱՄՆ անվտանգության ծառայության անձնակազմի կողմից նախարար Մևլյութ Չավուշօղլուի թիկնապահների նկատմամբ դրսևորած դիվանագիտական կանոններին հակասող, ոչ պրոֆեսիոնալ ագրեսիվ պահվածքի վերաբերյալ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպանին պահանջ է ներկայացրել հետաքննել տեղի ունեցածը և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին իր հերթին աջակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ դեսպան Ջոն Բաասին ներկայացված բողոքին` հայտարարելով, թե սա թուրքական պետության պատվի հարցն է:

Անցած շաբաթ նախագահ Էրդողանի ԱՄՆ այցելության ժամանակ Ամերիկայի հայկական, քրդական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ: Էրդողանի աջակիցները, այդ թվում, ըստ ամերիկյան մամուլի, նրա թիկնազորի անդամները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և ծեծի ենթարկել նրանց: Բռնությունների հետևանքով 11 մարդ էր տուժել, երկու հոգի ձերբակալվել էր իրավախախտումներ թույլ տալու մեղադրանքով:

Թուրքական ԱԳՆ-ի պնդմամբ` միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան համապատասխան մարմինների կողմից անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով: Մինչդեռ ամերիկյան մամուլը գրում է, թե Էրդողանի թիկնապահներն են հարձակվել ցուցարարների վրա:

Միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը իր խիստ մտահոգությունն էր փոխանցել Թուրքիայի կառավարությանը, իսկ ԱՄՆ Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական ՄըքՔեյնն անգամ կոչ էր արել հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին:

«Մենք պետք է Միացյալ Նահանգներից նրանց դեսպանին դժոխք շպրտենք, նման արարքները չեն կարող անպատասխան մնալ», - MSNBC-ին տված հարցազրույցում ասել էր հանրապետականների ազդեցիկ սենատորը: