Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեսթր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես, նշված է Սարգսյանի հեռագրում։

Միացյալ Թագավորության վարչապետին ցավակցագիր է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում համերգի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 22 մարդ մահացել, ավելի քան 59-ը՝ վիրավորվել են: Լրատվամիջոցների հաղորդմամբ, պայթյունը կազմակերպել են մահապարտ ահաբեկիչները, սակայն, Միացյալ Թագավորության իշխանությունները առայժմ չեն հաստատում դա:

Մոտ երկու ամիս առաջ ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, որին զոհ էր գնացել 5 մարդ: