Վանաձորցիները քաղաքի փողոցներն ավերակների հետ են համեմատում

Տարիներ շարունակ Վանաձորի փողոցները վերանորոգվել են հիմնականում փոսային նորոգումների միջոցով: Փոսալցումներ կատարելու նպատակով ամեն տարի բյուջեից գումար է հատկացվում: Վանաձորցիների պնդմամբ, եթե աշխատանքը որակով կատարվի, նույն վայրում ամեն տարի փոսալցում անելու կարիք չի լինի:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ իր հերթին վստահեցնում է՝ վերահսկելու են, որպեսզի աշխատանքը պատշաճ կերպով կատարվի: Փոսալցումների համար բյուջեով 100 միլիոն դրամ է նախատեսված, մինչդեռ քաղաքապետի խոսքով, քաղաքն ամբողջությամբ ասֆալտապատելու համար 15 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

«Որակի մասին հստակ պայմանավորվածություն կա: Նաև նշեմ, որ պայմանավորվածություն կա` մենք կկարողանանք վերահսկել, բայց Վանաձոր քաղաքում գլոբալ առումով ասֆալտապատման խնդիր կա», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքապետը: - «Փողոցներ կան, որ 40-50 տարի հիմնանորոգման չեն ենթարկվել: Հիմքը այլևս պիտանի չէ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար», - հավելեց նա:

Վանաձորցի վարորդները հաճախ են դժգոհում, որ անբարեկարգ ճանապարհների պատճառով մեքենաները վնասվում են և կարիք է լինում գումարներ ծախսել վերանորոգելու համար: Օրեր առաջ էլ Վանաձորի թաղամասերից մեկում բեռնատարը մխրճվել էր ասֆալտապատ ճանապարհի մեջ: Ասֆալտը չէր դիմացել մեքենայի ծանրությանը: Մեքենայի վարորդի՝ Վանցիկ Անտոնյանի խոսքով՝ շուրջ կես միլիոն դրամի վնաս է կրել, բայց փոխհատուցման ակնկալիք չունի:

«Ազատության» հարցին, թե արդյոք տեղի ունեցածը անորակ աշխատանքի հետևանք չէր, քաղաքապետ Ասլանյանը մասամբ համաձայնեց. - «Մեծ քաղաքներում ևս լինում են նման դեպքեր` շատ ավելի բարեկարգ, շատ ավելի զարգացած տնտեսություն ունեցող քաղաքներում: Վերջերս ամերիկյան մի քաղաքում էլ էր նման դեպք եղել, Մոսկվայում է հաճախ լինում: Դա հիմնականում ներքին սողանքների արդյունք է: Բնականաբար, եթե ավելի երկար թողած լինեին, որ հողը նստի, վրայից կոշտ գրունտով արվեր` այս երևույթին չէինք հանգի»:

Վանաձորում անբարեկարգ փողոցների պատճառով տուժած բազմաթիվ վարորդներից միայն մեկն է դիմել դատարան: Վլադիմիր Ղալեչյանը շուրջ 50 հազար դրամ վնասի փոխհատուցում է պահանջում: Դատավարությունը դեռ շարունակվում է: