Սաուդյան Արաբիայում երկօրյա հագեցած բանակցություններից հետո՝ ժամեր առաջ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել, որտեղ պատրաստվում է հանդիպել թե' երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, թե՛ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Սպիտակ տան ղեկավարի օրակարգում է լինելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ակտիվացնելու հարցը:
«Նախագահ Թրամփի համոզմամբ, այժմ կողմերի միջև խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավորություն կա», - ժամանելուց առաջ՝ նախագահական օդանավում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հավելելով՝ ԱՄՆ նախագահն ուզում է իր անձնական ջանքերը ներդնել այս գործընթացում, եթե կողմերը լրջորեն պատրաստ են մասնակցել դրան:
Թել Ավիվ ժամանելուն պես՝ Դոնալդ Թրամփը ևս խոսեց այդ մասին: «Մենք եզակի հնարավորություն ունենք այս տարածաշրջան անվտանգություն, կայունություն ու խաղաղություն բերելու, սակայն մենք կարող ենք հասնել դրան միայն աշխատելով միասին: Այլ ճանապարհ չկա», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:
Իսրայելը պատրաստակամ է՝ հայտարարեց վարչապետ Բենյամին Նեթանյահուն, միաժամանակ ընդգծելով․ - «Մենք ձգտում ենք իրական խաղաղության, որը ճանաչում է Հրեական պետությունը, անվտանգությունը մնում է Իսրայելի ձեռքում, հակամարտությունն էլ կարգավորում է մեկընդմիշտ և բոլորի համար: Թող Ձեր առաջին այցը մեր տարածաշրջան շրջադարձային դառնա դեպի հաշտեցում ու խաղաղություն տանող ճանապարհին: Իսրայելը խաղաղության ձեռք է մեկնել իր բոլոր հարևաններին, այդ թվում՝ պաղեստինցիներին»:
Նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանն արդեն Դոնալդ Թրամփը անդրադարձավ Իսրայելի համար առանցքային խնդիրներից մեկին՝ Իրանի միջուկային ծրագրին՝ ընդգծելով․ - «Այսօր Թեհրանը որպես սպառնալիք են ընդունումնաև արաբական մի շարք երկրներ: Իրանը հովանավորում և ֆինանսավորում է ահաբեկչությունը, սարսափելի բռնություններ հրահրում ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են միասին աշխատել այդ արհավիրքները կանխելու համար: Եվ ամենակարևորը՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են միասնաբար հայտարարել, որ Իրանին երբեք չպետք է թույլ տրվի միջուկային զենք ունենալ, երբեք և ոչ մի դեպքում, և որ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր ահաբեկիչների ֆինանսավորումը, վարժեցումն ու զինումը»:
Թել Ավիվից Դոնալդ Թրամփը մեկնեց Երուսաղեմ՝ առաջինը Միացյալ նահանգների նախագահների շարքում այցելելով հրեաների ուխտագնացությունների աղոթավայր՝ Լացի պատ: Նահանգների առաջնորդի այս ոչ ավանդական որոշումը օրեր առաջ դեռ տարաձայնությունների առիթ էր դարձել, երբ Սպիտակ տան պաշտոնյաները խուսափել էին հստակ մատնանշել՝ արդյոք այն պատկանում է Իսրայելին, թե ոչ:
«Արևմտյան ափը եղել է և կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո», - Թրամփի այցից ժամեր առաջ հայտարարել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա կառավարության անդամներն էլ այսօր ժամանակ չեն կորցրել՝ այդ դիրքորոշումը վերահաստատելու: «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Երուսաղեմը որպես իսրայելական տարածք», - հենց օդանավակայանում, դիմելով Դոնալդ Թրամփին՝ ասել է Իսրայելի կրթության նախարար, ազգայնական կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը:
Այցին հետևող լրագրողները նշում են՝ Թրամփի արձագանքը հստակ չէր, սակայն ակնհայտորեն Սպիտակ տան ղեկավարը ստիպված կլինի այդ հարցին անդրադառնալ ավելի մանրամասն՝ նույն տարածքին հավակնող պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հետ վաղը նախատեսվող հանդիպման ժամանակ:
Մինչ այդ՝ օրվա երկրորդ կեսին Միացյալ Նահանգների նախագահը ընտանիքի հետ այցելեց Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որը ևս ավանդական կանգառ չէ Ամերիկայի նախագահների համար:
«Վերջին անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում, Բիլ Քլինթոնն է եղել այս տաճարում, այն էլ՝ ոչ նախագահի պաշտոնում», - Jerusalem Post-ին ասել է եկեղեցու սպասավորներից մեկը՝ հավելելով․ - «Նման դեպքերում, որպես կանոն, հայերը, հույներն ու կաթոլիկները վիճում են՝ ով է բարձրաստիճան հյուրին ուղեկցելու կամ որ կողմի երգչախումբն է նրան ողջունելու»:
Այսօր երեք եկեղեցիների ներկայացուցիչները միասնաբար են դիմավորել Միացյալ Նահանգների նախագահին ու առաջին տիկնոջը: Ինչպես տեղից փոխանցում է «Ազատության» թղթակիցը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից նախագահական ընտանիքին ողջունել է լուսարարապետ Սևան արքեպիոսկոս Ղարիբյանը՝ հույս հայտնելով, որ Դոնալդ Թրամփի այցելությունը խաղաղություն կբերի բոլորին:
Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ Դոնալդ Թրամփը առանձնազրույց կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: