Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 հազար 600 եվրո վճարել Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանին։ Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Նիկողոսյանի արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքները։
Նա Ստրասբուրգի դատարանի որոշմանը սպասել է 8 տարի։ Անցած տարիների ընթացքում նախկին հարկային տեսուչը ձեռքերը ծալած չի նստել․ նաև իրավապահներին է հայտնել, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի կատարել հայաստանյան դատարանների որոշումներն ու Դատական ակտերի հարկադիր ծառայության հետ միասին ապօրինություններ է թույլ տվել՝ իրեն այդպես էլ չվերականգնելով աշխատանքում։
Նիկողոսյանը Եվրոպական դատարանին գրած հայցում նշել է և կցել համապատասխան փաստաթղթերը, ըստ որի աշխատանքային իրավունքի խախտում են արձանագրել նաև հայաստանյան դատարանները՝ պահանջելով նրան հետ ընդունել աշխատանքի և փոխհատուցում տրամադրել չաշխատած օրերի համար։
«Բացարձակ հաղթանակ եմ համարում, որովհետև Կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից՝ Գևորգ Կոստանյանի, ամեն ինչ արվեց, որպեսզի Եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չտեսնի էս գործում, այսինքն մարդու իրավունքների խախտում չտեսնի: Այն է՝ գործը ընդունի վարույթ, իսկ ընդունելու դեպքում խախտում չտեսնի: Բայց այդ երկու պահանջները՝ գործը ընդունելու և Կոնվենցիայի խախտումն ընդունելու իմ պահանջները ամբողջությամբ իրենք բավարարեցին: Ընդհանրապես Եվրոպական դատարանը բարոյական հաղթանակ տանելու հարթակ է», - ասաց Նիկողոսյանը:
Մինչդեռ, ինչպես նշվում է Եվրոպական դատարանի որոշման մեջ, ՊԵԿ-ը չի կարողացել վերականգնել նրա աշխատանքը և այդ մասին տեղյակ է պահել ԴԱՀԿ-ին։ ՊԵԿ֊ը պնդել է, թե կոմիտեի կառուցվածքը փոփոխվել է, և Նիկողոսյանի նախկին պաշտոնն այլևս գոյություն չունի: Այդ ընթացքում ՊԵԿ-ը որպես փոխհատուցում միայն 6 միլիոն դրամ է վճարել։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հարկային տեսչության նախկին աշխատակիցը վերհիշում է, թե ինչպես իրեն ազատեցին աշխատանքից, որից հետո ասում է՝ հետ ընդունելու փոխարեն իր հետ միասին ևս 4 հոգու անգործ դարձրեցին՝ պնդելով, թե աշխատատեղը կրճատվել է․ - «Իբր թե կրճատում ա եղել: Բայց ոչ մի կրճատում չի եղել․ ո՛չ էդպիսի կառավարության որոշում կար, որ Քանաքեռ-Զեյթունում կրճատում պետք ա լինի: Հետո ի»նչ կրճատում, եթե ազատելուց մեկ ամիս հետո մրցույթ են հայտարարում և մեկի փոխարեն երկու հոգի մարդ են ընդունում աշխատանքի: Բարձրաստիճան պաշտոնատար անձի բարեկամի են ընդունում, ես անունը չեմ տալիս․․․ Մարդ են ուզում ընդունեն աշխատանքի: Կոռուպիցա ա․․․ մարդուց ազատվում են, որ ինչ-որ մեկին լավություն անեն: Երբ որ ես էս գործը քրեականացնելու պահով դիմեցի դատարաններ, դատախազություն, ի՞նչ պարզեցի․ որ բոլոր էդ մարմիններում կան ՊԵԿ-ում աշխատող պաշտոնատար անձանց բարեկամներ, ազգականներ»:
Նախկին հարկային տեսուչը հիշում է, որ երբ գործը հասավ Եվրոպական դատարան, ՊԵԿ-ն առաջարկեց իրեն հետ ընդունել աշխատանքի, ինքը, սակայն, մերժեց այդ առաջարկը․ - «Քանի դեռ քրեաիրավական գնահատական չի տրվել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործողություններին, որ նա ապօրինի ինձ ազատել է աշխատանքից, ապօրինի չի կատարել դատական ակտը, որի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդվածներ, այնուհետև կոռուպցիայի վերաբերյալ իմ բոլոր հրապարակումներին ոչ մի պատասխան չի տրվել, չի հերքվել․․․ այսինքն էդ հրապարակումները արժանահավատ են, ընդունվելու պարագայում ես զերծ չէի մնա ամենազոր ՊԵԿ նախագահի հնարավոր սադրանքներից, հետապնդումներից»:
Ռոբերտ Նիկողոսյանին Եվրոպական դատարան դիմելու հարցում օգնել է փաստաբան դուստրը։ 8 տարի շարունակ անգործ մնացած նախկին հարկային տեսուչը պնդում է, որ շարունակելու է պայքարը մինչև քրեական հետապնդման ենթարկվի Գագիկ Խաչատրյանը․ - «Սա խոսում ա, որ Հայաստանում չկա արդարադատություն, Հայաստանում տիրում ա համատարած անարդարություն, և մարդիկ էս արդարությունը փորձում են գտնել Հայաստանից դուրս»:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, թե Հայաստանում աշխատանքային իրավունքը խախտվում է հաճախ: Պատճառները տարբեր են՝ չկան կայացած արհմիություններ, օրենքները թերի են, դատարաններն էլ միշտ չէ, որ արդար որոշումներ են կայացնում։ Նաև նշում է, որ մի քանի եղանակ կա աշխատանքային իրավունքը պաշտպանելու, որոնց դեպքում կիրառելի է հիմնականում դատարան դիմելը․ - «Ասել, որ Հայաստանում աշխատանքային իրավունքները լիակատար պաշտպանված են, դա կլինի ցանկալին որպես իրականություն մատուցելու փորձ, ինչից ես ձեռնպահ եմ մնում: Այստեղ բազմաթիվ գործոններ կան: Ամենառաջինը օրենսդրության բացթողումներ կան, օրենսդրական թերություններ կան: Կա նաև իրավապաշտպան գործառույթներ ունեցող հասարակական կառույցների, մասնավորապես արհեստակցական միությունների ոչ այնքան ձեռնահասությունը: Նաև կա դատարանի միջամտության խնդիրը»:
Պետական եկամուտների կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ռոբերտ Նիկողոսյանի գործով մեկնաբանություն կտան միայն երկու օր հետո: