Հայաստանի հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) որոշումների կայացման գործընթացը տեղի է ունենում «ներկուսակցական ժողովրդավարության տառին և ոգուն համաձայն»: Այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 21-ի թողարկման հյուրն էր:
«Կա այսպիսի մի չարձանագրված խմբավորում՝ երիտասարդ հանրապետականներ, ըստ որոշ տեղեկությունների, նրանց և ավելի ավագ սերնդի միջև հակասություններ կային ժողովրդավարական հաստատությունների զարգացման և այլ հարցերում, և նույնիսկ ենթադրություններ կային, որ այս խմբավորմանը աջակցում էր Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Որքանո՞վ են այս ենթադրությունները իրական, ընդհանրապես, կա՞ այսպիսի բան», - այս հարցին Ֆարմանյանը արձագանքեց․ - «Թույլ տվեք նկատել, որպես Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, որ կուսակցությունում որոշումների կայացման գործընթացը իսկապես տեղի է ունենում ներկուսակցական ժողովրդավարության տառին և ոգուն համաձայն: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես գործադիր մարմնի անդամ, այսինքն՝ բոլոր այն որոշումները, որոնք կայացվում են, կայացվում են բոլորի մասնակցությամբ, բոլորի տեսակետների հաշվառմամբ և առողջ քննարկումների մթնոլորտում: Ես ստած կլինեմ, եթե ասեմ կամ պնդեմ հակառակը»:
Երկրորդ, հանրապետական պատգամավորի խոսքով, «ցանկացած զանգվածային կուսակցություն, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր տեսակով, տիպաբանորեն զանգվածային կուսակցություն է, չի կարող իր ներսում ունենալ միակարծություն»: «Դա, կներեք, բայց կհիշեցնի ամբողջատիրական որևէ մի պետություն, ինչպես, օրինակ, Խորհրդային Միությունն էր: Ուստի տեսակետների տարբերությունը, տեսլականների տարբերությունը հնարավոր, կամ պատկերացումների տարբերությունը չափազանց բնական է և միայն խոսում է տվյալ կուսակցության առողջ լինելու մասին», - ընդգծեց Ֆարմանյանը:
Միաժամանակ, նա չհամաձայնեց հարցադրմանը, որ «սերնդային պատկանելությամբ պայմանավորված՝ կան խոր կամ անհաղթահարելի հակասություններ»․ - «Դա բացարձակ այդպես չէ»:
«Նաև թույլ տվեք նկատել, որ շատ հաճախ կամ երբեմն մամուլում անհարկի շոշափվում է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունը: Թույլ տվեք նկատել, որ պարոն Մինասյանը, ինչպես և մեր մյուս դեսպանները, քաղաքականությամբ չեն զբաղվում, և դա օրենքով է այդպես», - ասաց Սամվել Ֆարմանյանը:
«Ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ վատ բան կա, եթե նա, ասենք, ունի իր համախոհները, աջակիցներ Հանրապետական կուսակցությունում կամ այլ կուսակցությունում», - այս դիտարկմանն էլ հանրապետական պատգամավորն արձագանքեց․ - «Ես բացարձակ այդ իմաստով էլ չէի պատասխանում, ես ի նկատի ունեմ, որ դեսպանները մեր ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ինձ համար, նաև կարծում եմ՝ իմ շատ գործընկերների համար պատիվ է ընկեր լինել, այսինքն՝ աշխատանքային գործընկերներ ժամանակին, այնուհետև՝ նաև ընկերներ, այնպիսի անձնավորության հետ, ինչպես Միքայել Մինասյանն է, որը վստահաբար, ես կարող եմ ասել, պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսին»:
Միքայել Մինասյանը, հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․