Անցած շաբաթ պարզ դարձավ, որ նոր՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության առանձին հանձնաժողով չի գործելու: Նորընտիր խորհրդարանում այս հանձնաժողովի վերացման առիթով բազմաթիվ քննադատություններ հնչեցին, իրավապաշտպանները, մասնավորապես, նշում են, որ դրա հետևանքով կտուժի մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում: Այս կարծիքին է նաև «Ելք» դաշինքը, որի պատգամավոր Մանե Թանդիլյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 21-ի թողարկման հյուրն էր:
«Դուք գիտեք և ականատեսն եք եղել, թե մենք իսկապես ինչպես փորձեցինք պաշտպանել հանձնաժողովի լինելը Ազգային ժողովում: Սա կամակորություն չէր, ըստ էության՝ մենք համարում ենք, որ մարդու իրավունքների հանձնաժողովը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև մենք ինքներս գիտենք՝ ինչ է կատարվում, և հաճախ ենք ականատես լինում և մենք ինքներս մասնակից ենք եղել և հստակ համոզմունք ունենք, որ մարդու իրավունքների հանձնաժողովը անհրաժեշտություն էր Ազգային ժողովում», - ասաց Թանդիլյանը՝ շարունակելով․ - «Դա է պատճառը, որ մենք հենց այդ հանձնաժողովի վրա ենք շեշտադրում անում, և բնավ էլ դա չէր նշանակում միանգամից, որ դա [հանձնաժողովի ղեկավարությունը] «Ելք» դաշինքինն է: Այո, երբ որ լիներ 10-րդ հանձնաժողով՝ կլիներ «Ելք» դաշինքինը, և չի բացառվում, որ նույն մեր գործընկերները «Ծառուկյան» դաշինքից իրենք նախընտրեին, և նոր ինչ որ կմնար՝ դա հասնելու էր «Ելք» դաշինքին: Խնդիրը, նախ և առաջ, որ «Ելք» դաշինքինը լիներ մարդու իրավունքների հանձնաժողովը՝ բնավ դա չէր, այլ հենց հանձնաժողովի կարևորությունն էր այստեղ: Դա էր նշանակությունը, որ մենք այդպես իսկապես պայքարեցինք, որպեսզի այդ հանձնաժողովը չկցվի պետաիրավականին, որը առանց այդ էլ ծանրաբեռնված է, և այստեղ կստորադասվեր այդ հանձնաժողովի գործառույթը, այնինչ նա պետք է արժևորեր, արժևորվեր և պետք է կարողանար ինքնուրույն գործառույթներ իրականացնել և վերահսկել այն, ինչ կատարվում է մեր երկրում: Որովհետև այսօրվա հանձնաժողովները ունեն նաև վերահսկողական ֆունկցիա, որը փաստորեն հնարավորություն էր տալու փոխզսպել այն, ինչ կատարվում է մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում»:
«Սա էր պատճառը, որ մենք իսկապես արեցինք ամենը, ինչ հնարավոր էր այդ պարագայում, որպեսզի կարողանանք պահպանել այդ հանձնաժողովը, սակայն ինքներդ ականատես եղաք, թե ինչ արդյունք ունեցանք», - նշեց Թանդիլյանը:
«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք արդյոք համարել ընդդիմություն «Ծառուկյան» դաշինքը, թե՞ ոչ», Մանե Թանդիլյանը արձագանքեց․ - «Առջևում մեզ սպասվում է մարտահրավեր՝ հասկանալու համար, թե ովքեր են լինելու այն գործիչները և այն խմբակցությունը, ով պաշտպանելու է և ըստ էության ընդդիմանալու է գործող համակարգին»:
Նրա խոսքով՝ «շատ կարևոր է հետևել, թե ինչպիսի գործողություններ են իրականացնում տարբեր պատգամավորներ և խմբակցություններ առանձին վերցրած, և նմանատիպ իրավիճակներ լինելու են բազմաթիվ, որովհետև «Ելք» դաշինքը շատ պատրաստված է եկել Ազգային ժողով, պատրաստ է լինելու այլ տարբերակներ առաջարկել, այլ ալտերնատիվ լուծումներ առաջարկել»: «Եվ մենք պետք է տեսնենք, թե ինչպես են այդ պարագայում վարվում ընդդիմադիր հռչակված խմբակցությունները», - շեշտեց ««Ելք» դաշինքի պատգամավորը՝ մատնանշելով, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնաժողովի հարցում իրենց դիրքորոշումը և քվեարկության արդյունքները, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի՝ Էդմոն Մարուքյանի առաջադրումը:
«Ամենայն հարգանքով պարոն Բաբլոյանի նկատմամբ՝ Դուք գիտեք, որ Էդմոն Մարուքյանը ըստ էության շատ պատրաստված էր այդ պաշտոնի համար, և թե՛ իր աշխատունակությամբ, թե՛ իր պատգամավորական ակտիվությամբ՝ այն ժամանակաշրջանում, որ ինքը եղել է, ակնհայտ էր, որ նա ունի առավելություն՝ թե՛ այն առաջարկները, որ ինքը ներկայացրեց, թե ինչպես է պատրաստվում, ինչ է պատկերացնում որպես Ազգային ժողովի նախագահ, իսկապես, էականորեն տարբերվում էր, և առավելությունն իրենն էր», - հայտարարեց Մանե Թանդիլյանը:
«Ես ինչու եմ սա շեշտադրում՝ որովհետև միանշանակ չէ, որ ամեն ինչին պետք է կողմ կամ դեմ լինել, և դրանով է երևալու, բայց ակնհայտ առավելությամբ ընդդիմադիր թեկնածուն սատարում չի ստանում: Սա իսկապես պետք է արձանագրվի որպես իրողություն, և մարդիկ աստիճանաբար հետևության անեն իրենց ընտրության և հետագա իրենց քայլերի համար», - ամփոփեց «Ելք» դաշինքի պատգամավորը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․