ԱՄՀ կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի դուրս կգա երկու տարի շարունակված ճգնաժամից, իսկ ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն:

Միջազգային ֆինանսական կառույցի գնահատմամբ, Ռուսաստանի տնտեսությունն այս տարի 1.4 տոկոս աճ կարձանագրի՝ «իշխանությունների արդյունավետ արձագանքի» շնորհիվ:

Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում 2014 թվականից՝ այն բանից հետո, երբ Արևմտյան պետությունները այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին Ղրիմի բռնակցման համար, ինչի ազդեցությունը էլ ավելի վատթարացավ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, ինֆլյացիայի ցուցանիշը Ռուսաստանում այս տարի կլինի Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 4 տոկոսի սահմաններում, քանի որ երկրում շարունակում պահպանվել պահանջարկի ցածր մակարդակը: