ԱՄՆ նախագահը կոչ է անում «արմատախիլ անել ծայրահեղականությունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի երկրորդ օրը, պատմական ելույթ է ունեցել տասնյակ մահմեդական երկրների առաջնորդների առաջ և կոչ արել Մերձավոր Արևելքում «ազգերի կոալիցիա» կազմել և «արմատախիլ անել ծայրահեղականությունը»:

Ռիյադում անցկացվող ահաբեկչության դեմ ուղղված համաժողովում, դիմելով տարածաշրջանի ավելի քան 50 բարձրաստիճան ղեկավարների, Թրամփը խոստացել է «ուժեղացնել Ամերիկայի հին ընկերներին և նոր գործընկերներ փնտրել» հանուն խաղաղության:

«Սա տարբեր հավատների, աղանդների և քաղաքակրթությունների պայքար չէ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: - «Սա պայքար է բարբարոս հանցագործների միջև, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկային կյանքը, և բոլոր հավատների պարկեշտ մարդկանց միջև, ովքեր ուզում են պաշտպանել այն: Սա պայքար է բարու և չարի միջև», - հավելել է նա:

Թրամփը ջերմ ընդունելության է արժանացել Ռիյադում, որտեղ իշխող թագավորական ընտանիքը ողջունել է նրա կոշտ դիրքորոշումը Իրանի՝ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային հակառակորդի նկատմամբ:

Համաժողովին մասնակցող Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հայտարարել է․ - «Իրանի ռեժիմը համաշխարհային ահաբեկչության առաջամարտիկն է»:

Իր հերթին՝ ԱՄՆ նախագահը նույնպես քննադատել է պաշտոնական Թեհրանին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար: Թրամփը, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանի աջակցությունը Ասադին թույլ է տվել «անասելի հանցանքներ» գործել Սիրիայում արդեն 6 տարի շարունակվող պատերազմում:

Իր այս ելույթով Թրամփը եզրափակում է Սաուդյան Արաբիա կատարած երկօրյա այցը: Սա ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա առաջին օտարերկրյա այցելությունն է: Տարածաշրջանային այցի շրջանակներում նա լինելու է նաև Իսրայելում, Վատիկանում, մասնակցելու է Սիցիլիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին և Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի հավաքին:

Թրամփի այցը առանձնահատուկ կարևորություն ունի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մահմեդականների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, ինչպես նաև նախագահ ընտրվելուց անմիջապես հետո մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելուն ուղղված քայլերի համատեքստում:

Սաուդյան Արաբիայից Թրամփը կմեկնի Իսրայել, որտեղ մայիսի 22-ին նախատեսվում է նրա հանդիպումը վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: