Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂ ՊՆ

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 7:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշով: