ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններից հետո այս գիշեր ղարաբաղյան շփման գծում լարվածության նվազում է նկատվում։ Ադրբեջանական կողմը, ըստ ԼՂ պաշտպանության բանակի, խոշոր տրամաչափի զենքերից կրակը գրեթե դադարեցրել է։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն էին տարածել, որում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ արձանագրել են հրադադարն առաջինը խախտած կողմին՝ շաբաթասկզբին լարվածությունը աճել էր, քանի որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, իսկ հայկական կողմը պատասխանել է այդ գործողություններին, նշել են միջնորդները։ Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ղարաբաղում լարվածությունն աճել էր մայիսի 15-ին։ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ:
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ հայտարարությունների այս ձևը պետք է շարունակական լինի, որ ազդեցություն ունենա։ «Միջազգային հանրությունն արդեն նոր որակ է փորձում հաղորդել և՛ զինադադարի ռեժիմի պահպանման, և՛ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին, ինչը կարելի է միայն ողջունել: Կարծում եմ, որ սա պետք է սթափեցնող գործոն հանդիսանա»,- «Ազատությանն» ասաց Բաբայանը:
Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է նշված հայտարարություններին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է՝ եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, իսկ 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո կայացած երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում։
Հայաստանյան փորձագետները արձանագրում են՝ վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարում են՝ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության քամահրանքի բացահայտ դրսևորում է։ Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանին հասկացնում են, որ մի ձեռքով բանակցել, իսկ մյուսով կրակել չի կարելի։ Ադրբեջանն էլ, նրա կարծիքով, սահմանային իրավիճակը լարում է, քանի որ ներքին լուրջ տնտեսական խնդիրներ ունի։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ էլ՝ միջնորդների հայտարարությունը դրական է, բայց իդեալական չէ, քանի որ այնտեղ երկու կողմերին են կոչ անում՝ զերծ մնալ ագրեսիայից։ Գրիգորյանի խոսքով՝ այս հայտարարության պատճառը բանակցություններում Ադրբեջանի՝ նախապայմաններով խոսելն է, ինչը քանդում է Մինսկի խումբը և անիմաստ դարձնում համանախագահների ջանքերը։
«Ադրբեջանն է առաջինը խախտում, ինչը նշանակում է, որ նրանք թքած ունեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կարծիքի վրա: Պարզ է, որ դա արդեն խփում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմիջին: Դա է պատճառը, որ նրանք, ի վերջո, ստիպված էին նման հայտարարություն անել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությունը, գոնե առաջիկայում, Ադրբեջանի համար զսպիչ դեր կունենա, բայց, սահմանային միջադեպերը չեն դադարի։