Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է սկսում: Այսօր նա մեկնում է Սաուդյան Արաբիա: Մեկնաբանները նշում են, որ Ռոնալդ Ռեյգանից սկսած՝ ԱՄՆ-ի նախագահներն ավանդաբար առաջին հերթին այցելել են հարևան երկրներ՝ Կանադա կամ Մեքսիկա: Թրամփը խախտում է այդ ավանդույթը:
Ըստ փորձագետների, Թրամփը կփորձի ավելի սերտացնել հարաբերությունները Սաուդիան Արաբիայի հետ, կենտրոնանալով ահաբեկչության դեմ պայքարի ու Իրանին զսպելու հարցերի վրա: Սաուդիան Արաբիայից նա ուղևորվելու է Իսրայել, որտեղ հանդիպելու է ոչ միայն Իսրայելի ղեկավարների, այլև պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:
Մերձավոր Արևելքից Թրամփը մեկնելու է Եվրոպա: Վատիկանում նրան ընդունելու է Հռոմի պապը: Իսրայելում և Վատիկանում Թրամփն այցելելու է կրոնական սրբավայրեր: Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ժողովին: Վերադառնալով Իտալիա, ԱՄՆ նախագահը Սիցիլիայում կմասնակցի մեծ յոթնյակի գագաթնաժողովին:
Սա Թրամփի շրջագայության համառոտ ծրագիրն է: Նրա վարչակազմը հույս ունի, որ այդ շրջագայությունն ավելի կամրապնդի ԱՄՆ-ի դաշնակիցների հետ կապերը, մասնավորապես, Մերձավոր Արևելքում:
Դոնալդ Թրամփի առաջին արտերկյա ուղևորությունից առաջ, ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակը ստվերվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին ղեկավոր Ջեյմս Քոմիի պաշտոնանկությամբ և դրան հետևած նոր բացահայտումներով: Լրատվամիջոցները հաղորդեցին, որ փետրվարին Թրամփը Քոմիին հորդորել էր դադարեցնել անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին առնչվող հետաքննությունը, որն իրականացվում էր Ռուսաստանի հետ Թրամփի թիմի կապերի քննության շրջանակներում: Ինքը՝ Թրամփը, հերքել է Քոմիի վրա ճնշում բանեցնելու մասին լուրերը:
Քոմիի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանի հետ կապերի հետաքննությունը, սակայն, չընդհատվեց: Ավելին՝ որոշվեց, որ այն կիրականացվի անկախ դատախազի կողմից: Մայիսի 17-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին բազմամյա ղեկավար, փորձառու Ռոբերտ Մյուլերն է գլխավորելու Ռուսաստանի հետ Թրամփի թիմակիցների հնարավոր կապերը հետաքննող հանձնաժողովը:
ԱՄՆ նախագահն այդ առնչությամբ ասաց, թե հարգում է այդ որոշումը: Երեկ կայացած ճեպազրույցում, սակայն, նա դժգոհեց, նշելով, թե երկրի պատմության մեջ «վհուկների ամենամեծ որսն է կատարվում», ինչը բաժանում է երկիրը: