ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով:
«Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս», - ասված է մայիսի 18-ի երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) տարածած հայտարարությունում:
Փաստելով, որ կողմերի կորուստների մասին ստացվում է իրարամերժ տեղեկատվություն, համանախագահները նշում են, որ թե՛ իրենք, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում են տեղեկատվություն և վերլուծություններ հավաքել` առկա իրավիճակի մասին ավելի լիարժեք և ճշգրիտ պատկերացում կազմելու համար:
«Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար», - եզրափակում են համանախագահները:
Հինգշաբթի օրը ավելի վաղ գրեթե նույն հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: