Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում լարվածության աճին և գրանցված միջադեպերին, հայտարարել է․ «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին:
Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում և կոչ է անում բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը՝ էսկալացիային վերջ տալու համար»:
Երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր տեխնիկա, որոնցից մեկը մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկություն չունի: